Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողները շատ հաճախ են հիմնական ատամները շփոթում կաթնատամների հետ՝ չնկատելով դրանց հետ կապված խնդիրները»․ Անժելա Հարությունյան

Ապրիլ 18,2021 23:00

Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Էլանժ» ատամնաբուժարանի ատամնաբույժ Անժելա Հարությունյանի հետ՝ անդրադառնալով վաղ տարիքից բերանի խոռոչի խնամքի կարևորությանն ու հիմնական սկզբունքներին։

-Բժշկուհի Հարությունյան, անդրադառնանք բերանի խոռոչի խնամքի, այսպես ասած, հիմունքներին․ վաղ տարիքից սկսած՝ ինչպե՞ս խնամել ատամները՝ հետագայում բերանի խոռոչի հետ կապված խնդիրներից հնարավորինս զերծ մնալու համար։

-Մեր ազգաբնակչությունը մի փոքր սխալ մոտեցում ունի բերանի խոռոչի խնամքի նկատմամբ։ Մեզանից շատերը համարում են, որ եթե օրը երկու անգամ ատամ են լվանում, այդպիսով խնամում են իրենց ատամները և հետագայում խնդիրներ չեն ունենալու։ Ցավոք, այդպես չէ, և ատամների հետ կապված խնդիրները գնալով ավելանում են և այնքան, որ մարդիկ վաղ տարիքում ստիպված են լինում դիմել իմպլանտոլոգիայի, հանովի կոնստրուկցիաների օգնությանը, որոնք կարող են մի շարք անհարմարություններ ստեղծել թե՛ ֆինանսական, թե՛ առողջական առումով։ Իհարկե, 21-րդ դարում ամեն ինչ կարծես գնում է արհեստականի, բայց ես՝ որպես մասնագետ, գտնում եմ, որ բնության տվածը պետք է պահպանենք այնքան, որքան հնարավոր է և ամեն ինչ անենք՝ մեր բնական ատամները գեղեցիկ ու առողջ պահելու համար։

Հիմնական ատամների խնամքը սկսվում է 6-7 տարեկանից, երբ երեխան հանում է առաջին մշտական ատամները․ ծնողը հենց այդ ժամանակվանից պետք է սկսի հետևել երեխայի հիմնական ատամներին։ Այստեղից է սկսվում ճիշտ մոտեցումը։

Այդ ժամանակ ատամնաբույժը պետք է զննի երեխայի բերանի խոռոչը, որովհետև ծնողները շատ հաճախ են հիմնական ատամները շփոթում կաթնատամների հետ՝ չնկատելով դրանց հետ կապված խնդիրները, քանի որ երեխան կարող է երկար ժամանակ չբողոքել` մինչև ցավի հայտնվելը, իսկ երբ արդեն ցավով դիմում են ատամնաբույժին, շատ դժվար է լինում այդ տարիքում ներվազրկել դեռ չձևավորված ատամները, պլոմբավորել դրանք, քանի որ երեխան այդ տարիքում կարող է պատրաստ չլինել այդպիսի բարդ գործողությունների։

Ուստի իմ կոչը ծնողներին՝ 6-7 տարեկանում ձեր երեխաներին զննման տարեք գրագետ ատամնաբույժի մոտ, որովհետև այդ ատամները 80-90 տոկոս դեպքերում կարող են ծկթել արդեն ախտահարված, քանի որ ատամի սաղմը ներարգանդային կյանքում արդեն ձևավորված է եղել ախտահարված, և դա պայմանավորված է մեր ոսկրային համակարգի՝ քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց ավելի անորակ դառնալու միտումով։

Եթե մասնագետը այդ տարիքում երեխայի ատամները բուժում է որակյալ, հիմնական պլոմբանյութով, ապագայում այդ ատամները նրանք չեն կորցնի, հետևապես չեն ունենա կցվածքի թերություններ, անոմալիաներ ու հիմնական, կարևորագույն ծամող ատամները երկար կծառայեն նրանց՝ կանխարգելելով առողջական մի շարք խնդիրներ։

Հաջորդ կարևոր զննումը պետք է լինի արդեն 12-14 տարեկանում, քանի որ այդ տարիքում այլևս կաթնատամներ չկան, միայն հիմնական ատամներն են, որոնք նույնպես կարող են ծկթել արդեն իսկ վնասված, խորանիստ կարիեսով, որը պետք է բուժվի։

Բերանի խոռոչի ամբողջական սանացիայից (բուժումից) հետո տարին մեկ անգամ ծնողը, կամ արդեն ինքը՝ դեռահասը, պետք է այցելի իր ատամնաբույժին՝ զննման, նաև ատամնաքարերի մաքրման համար, որովհետև ինչքան մենք հետևում ենք մեր ատամներին, այնքան էլ պետք է հետևենք մեր լնդերի առողջությանը՝ համակարգային մոտեցում ցուցաբերելով։

Եթե 12-14 տարեկանում բուժվեցին դեռահասի հիմնական բոլոր ատամները և տարին մեկ անգամ նա դիմեց իր ատամնաբույժին, վստահեցնում եմ, որ իր ատամները նրան միայն ուրախություն են պատճառելու՝ ծառայելով երկար ու ձիգ տարիներ՝ առողջ, առանց մեծ խնդիրների։

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ատամնաբույժին պետք է դիմել ոչ թե ցավի առկայության դեպքում, այլև խնդիրների կանխարգելման համար։

-Իսկ եթե այդ բոլոր գործողությունները՝ տարին մեկ անգամ բերանի խոռոչի զննում, բուժում և այլն,  իրականացվում են, սակայն երեխայի կամ դեռահասի մոտ, միևնույն է, խնդիրներ են առաջանում, այդ դեպքում ի՞նչ է պետք անել։

-Բերանի խոռոչի սանացիան (բուժումը) պետք է կատարվի շատ գրագետ՝ ատամնաբուժարանը պետք է պարտավորվի ֆիքսել կատարված բոլոր աշխատանքները պացիենտի անկետայում, որը մեր ատամնաբուժարանում պարտադիր տրամադրվում է, որպեսզի օրով, ամսաթվով, նյութի անվանումով մենք հասկանանք, թե երբ ինչ աշխատանքներ ենք իրականացրել՝ հետագայում հետևելու համար, թե ինչքան ժամանակ անցնելուց հետո են պացիենտի մոտ նոր խնդիրներ առաջանում։

Եթե նշում եմ, որ տարին մեկ անգամ երեխան պետք է այցելի ատամնաբույժին, ապա այն պատճառով, որ հասկանանք` արդյո՞ք ինչ ժամանակահատվածում են փչանում երեխայի ատամները, արդյո՞ք սանացիայից հետո նույն ատամը ուրիշ տեղից փչանում է, թե՞ ոչ, և եթե այդ խնդիրն ունի երեխան, ապա ավելի ուշադիր պետք է լինենք, տարին մեկ անգամ կանչելու փոխարեն կանչենք 2 անգամ, և եթե երեխայի մոտ կան ագրեսիվ ընթացող վիճակներ, ապա երեխային ուղարկենք որոշակի անալիզներ հանձնելու՝ հասկանալու համար՝ արդյո՞ք չկան էնդոկրին, մարսողական և այլ օրգան-համակարգերի հետ կապված խնդիրներ։

-Բժշկուհի Հարությունյան, որքանո՞վ է կարևոր սննդակարգը, կամ վիտամինների, հանքանյութերի ընդունումը՝ ատամների հետ կապված խնդիրների կանխարգելման առումով։

-Սննդակարգը, ինչ խոսք, կարևոր է և այդ տարիքում շատ մեծ է գիտակից ծնողների դերը, որոնք երեխաներին հնարավորինս զերծ կպահեն պարզ ածխաջրային սննդից, քաղցրից՝ երեխայի ատամները պաշտպանելու նպատակով։

Ես որպես բժիշկ՝ սինթետիկ վիտամիններին այնքան էլ կողմնակից չեմ, ավելի հակված եմ սննդի միջոցով վիտամինները տեղ հասցնելու տարբերակին, որովհետև բավականին հետազոտություններ են արվել, որոնք ցույց են տալիս, որ մեր օրգանիզմը միայն սննդից է լիարժեքորեն յուրացնում վիտամինները:

Անշուշտ, շատ կարևոր է օրգանիզմում վիտամին D-ի բավարար քանակը, քանի որ կալցիումի կորուստը, յուրացումը սերտորեն կապված են վիտամին  D-ի հետ։ Վիտամին D-ն ճակատագրական կարող է լինել մեր երեխաների ոսկրային, էնդոկրին համակարգի զարգացման համար։ Խորհուրդ կտամ հետևել երեխայի օրգանիզմում այդ վիտամինի մակարդակին, ինչպես նաև օգտագործել թարմ մրգեր ու բանջարեղեն։

Ինչ վերաբերում է առանց ստուգելու ինչ-որ վիտամիններ կամ հանքանյութեր ընդունելուն, ես շատ դեմ եմ, և հորդորում եմ դրանք ընդունել միայն բժշկի նշանակմամբ՝ անալիզների հիման վրա։

Եվ վերջում ուզում եմ կարևորել, որ անհրաժեշտ է ճիշտ լվանալ ատամները՝ հիշեցնելով, որ ատամները պետք է լվանալ առավոտյան՝ ուտելուց հետո և երեկոյան՝ քնելուց առաջ և դրանից հետո բերանի խոռոչ այլևս սնունդ չպետք է մտնի։

Հարցազրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930