Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդիս զինվորներին միշտ ասում էր՝ վերջին փամփուշտը պահեք ձեզ համար, ձեռքները չընկնեք, ու այդպես էլ արել է տղաս». զոհված զինվորի մայր

Ապրիլ 17,2021 22:26

«Իմ տղան օլիմպիական քոլեջում էր սովորում, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ էր ընդունվել. միշտ սպասում էի, որ լրագրողներին մի ավելի հետաքրքիր նյութ կտամ ես իմ Հայկի մասին, բայց, ցավոք…»,- Aravot.am-ի հետ զրույցն այսպես սկսեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Պապյանի մայրը՝ Անուշ Ղարաբաղցյանը:

Հայկ Պապյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում: Հունվարի 20-ին կդառնար 20 տարեկան: Մայրն ասում է՝ էնքան մեծ է ցավը, որ մեջս հպարտություն չկա. «Ինձ որ ասում են՝ հպարտ եղիր, լավ որդի ունես, դրանք ինձ համար ընդամենը բառեր են, ես գիտեմ՝ ոնց եմ իմ տանն իմ երեխային մեծացրել, գիտեմ ինչ երեխա եմ հասարակությանը, բանակին տվել»: Հայկը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, Արիության մեդալով:

Նա մինչև պատերազմը սկսելը ծառայում էր Կուբաթլուի զորամասում: Մայրը հիշեց՝ սեպտեմբերի 23-ին երկար խոսել են որդու հետ. «Հայկը որդիներիցս ավագն էր, ու նրա հետ շատ կապված էի: Այդ օրը երկար խոսեցինք, ու ասաց՝ մամա, մի քանի օր չեմ կարող խոսել, չանհանգստանաս»:

Սեպտեմբերի 25-ին Հայկին տարել են Ջեբրայիլ: Սեպտեմբերի  27-ին ծնողները լսել են, որ իրենց որդին վիրավոր է. նրա ԲՄՊ-ն պայթեցրել էին, ու մի քանի օր ծնողների հետ չէր կապվել: Այս մասին մայրը պատմեց. «Գորիսի թե Ստեփանակերտի հիվանդանոցից որ նկարը դրեցին, ես ճանաչեցի իմ տղային: Գորիսից զանգել էին, որ բերում են Երևան: Ես ու ամուսինս մինչև տեղ հասանք, իմ տղային չգտանք, լսեցինք, որ նա նորից բարձրացել է դիրքեր: Թեև կանտուզիա է տարած եղել, բայց բարձրացել է դիրքեր. ընկերներին ասել է՝ միայն ծնողներս չիմանան: Մեկ էլ ինձ հետ խոսեց հոկտեմբերի 4-ին: Այդ Լելե թեփե կոչվածի գրավմանը ինքը մասնակցել է: Այդտեղից մի քանի երեխա էր փրկվել, մեկն էլ ինքը, բայց հոկտեմբերի 5-ին արդեն վիրավորվել էր: Էլի չէր գնացել հոսպիտալ: Ամսի 14-ին նրան տարել են արդեն Ջեբրայիլի  մեկ այլ դիրք՝ Իշխանաձորից վերև: Այդ ժամանակ էլ հենց այդ ամեն ինչը տեղի է ունեցել»:

Անուշ Ղարաբաղցյանը պատմեց՝ հոկտեմբերի 14-ին իր որդին իրենց բոլորի հետ կարճ խոսել է, հոկտեմբերի 15-ին էլ զոհվել է: Նա մանրամասնեց. «Հոկտեմբերի 18-ին ամուսիններով Խնձորեսկում էինք, բայց արդեն ամեն ինչ հանձնում էին: Չկար երեխաս, բայց ասում էին՝ ողջ է դուրս եկել: Վերջում պարզվեց, որ ինքն ընկերների համար իջել է ձոր: Վաշտի հրամանատարը վիրավորվել է, ինքը նրա դերը լավ տարել է: Վիրավոր էրեխեքին բոլորին գնացել տեսել եմ, նրանցից մեկը Հայկի մասին ասաց՝ մեզ միշտ ասում էր՝ վերջին փամփուշտը պահեք ձեզ համար, ձեռքները չընկնեք: Ու տենց էլ արել է տղես, ձեռքները չի ընկել: Մի քանի օր էլ դիպուկահարների հետ է մնացել, մինչև արդեն հրամանատարությանն են հանձնել»:

Որդեկորույս մայրը ցավով նշեց՝ ինքն է մտել դիահերձարան, որ ճանաչի իր երեխային: 2021-ի փետրվարի 22-ին ԴՆԹ անալիզի պատասխանով հաստատվել է ինքնությունը:

Մայրը հիշում է, որ մի անգամ որդուն խնդրել է խնայել իրեն, մի քիչ գոնե հանգստանա, որդին ասել է՝ մամա′, ինչի մնացած տղաներին մամա չի՞ բերել: Ու հենց իր զոհվելու օրն էլ իջել է ձոր` իր մտերիմ ընկերոջը փնտրելու: Անուշ Ղարաբաղցյանը փոխանցեց այն, ինչ իրեն պատմել են. «Այդ ընկերը ձորում է եղել, հետ նահանջողներին հարցրել է՝ Էդոն ձեզ հե՞տ է, ասել են՝ չէ, Հայկն իջել է հետևից: Իր վաշտի հրամանատար՝ Ավիկ Գալոյանի հետ եմ հանդիպել, ինքն անընդհատ ասում էր` փրկվել է Հայկը, Հայկը հենց նրան է ասել իջնենք, օգնենք, բայց էրեխեն մենակ իջել ու մնացել է ձորում: Հիմա իմ տղայի ասածը՝ նրանն արյուն էր, իմ տղայինը՝ չէ՞»:

Հայկին բոլորն էին սիրում, որովհետև բոլորին էր նվիրված, մայրն ասում է՝ ոչ մեկի մասին ոչ մի վատ բան չէր ասում: Նա կապված էր իր հայրենի Բերդին: Մայրը  պատմում է՝ ասում էր ես Բերդում եմ մնալու:

Հայկի բացակայությունը շատ ծանր է տանում նաև նրա կրտսեր եղբայրը: Նա միշտ ասում է՝ եղբայրս մի օր կգա: Իսկ Հայկի մյուս եղբայրը շուտով պետք է զորակոչվի բանակ: Մայրն ասում է՝ ինքն ուզում է, բայց ես՝ ոչ: Ասում է՝ չէ, պիտի գնամ, եղբորս կիսատը շարունակեմ. «Միշտ ասում էր՝ մամա′, ինձ մի անուն է պետք, իմ անունը կմնա: Եղբայրներս շատ կհպարտանան իմ անունով»:

Այնքան ընկերասեր էր, որ անգամ տատիկի ուղարկած գաթաները բոլոր զինվորներին բաժանել էր, վերջին մեկ հատը ընկերոջ հետ էր կիսել:

Նոյեմբերի 9-ին կատարվածից հետո Անւոշ Ղարաբաղցյանի, ինչպես նաև շատ ծնողների համար բազում անհասկանալի հարցեր կան: Նա ասաց. «Լավ, եթե պիտի տարածքները տայինք, այս սերունդն ինչո՞ւ գնաց: Մեղավոր, անմեղ ասել չեմ կարող, բայց պետք չէր, որ մեր սերունդը պատասխան տար թե′ էդ թղթի, թե′ էդ հողերի համար»:

Տիկին Անուշի կարծիքով՝ եթե կազմակերպվածություն ու միասնականություն լիներ, այսքան զոհեր չէինք ունենա: Նա նշեց. «Ամեն դեպքում, եթե օգնության հասնեին, գոնե վիրավորներից մեկին կհասնեին: Ես էնքան եմ դիահերձարանում պտտվել, մինչև իմ երեխային գտել եմ»:

Հայկի հորաքրոջ աղջիկը՝ Ռոքսանա Բաբայանը, մեզ հետ զրույցում հիշեց՝  Հայկի բանակի քեֆին շատ է լացել. մի տարօրինակ զգացողություն էր երևի: Ռոքսանան ասում է՝ Հայկի զոհվելուց հետո կարծես իր մեջքը կոտրված լինի:

Ռոքսանան պատմեց՝ եղբայրն իր պաշտպանն է եղել, անգամ իրենից տարիքով մեծ տղաների հետ կռվել է, երբ քրոջը նեղացրել են: Ռոքսանան հիշում է. «Միշտ ասում էի՝ Հա՛յկ, թող, փախիր, արի: Ասում էր՝ ինձ նման բան չասես, ես ուրիշներից ինչո՞վ եմ լավը, որ պետք է հետ գնամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հայկի քույրը՝ Ռոքսանա Բաբայանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930