Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու կարո՞ղ ես մի օր ներել թուրքին». Կարին Տոնոյանը հարց է տվել սանին

Ապրիլ 17,2021 21:39

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական եւ «Որդուս» սոցիալ-կրթական հիմնադրամները կազմակերպել են «Հայ մայրերի ուղերձն աշխարհին»  խորագրով համահավաք, որտեղ ի թիվս այլնի, անդրադարձ է արվել Եղեռնի հիշողությանն ու պահանջատիրությանը, 2016-20 թթ․ պատերազմների հետեւանքներին, ազգերի ճակատագրերում՝ մայրերի դերին:

Հայ մայրերը նաեւ ուղերձ են հղել համայն մարդկությանը եւ հայ ժողովրդին: Հավաքից հետո  մեկնարկել է մոմավառություն-երթը դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի է ունենալու միասնական աղոթք՝ տեր Շահեի մասնակցությամբ:

«Մեր հերոսների ու նահատակների հիշատակի ոգեկոչումը այսօր մեզ ուժ ու կորով է տալու՝ հաղթահարելու բոլոր դժվարություններն ու հուսահատություն տանող զգացումները: Հենց այսօր, հենց այս պահին մենք պետք է գիտակցենք պատմական այս փուլում գիտակից ու բախտորոշ որոշումներ կայացնելու կարեւորությունը»,-նշել է «Հայ ասպետ»  հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, որի որդին՝ Մենուան եւս անմահացել է Արցախյան երկրորդ պատերազմում:

«Մենք կոչ ենք անում միավորվել եւ միասնական ուժերով հաղթահարել դժվարությունները՝ հանուն մեր անցավորաց սրբազան հիշատակի ու հանուն այն սերունդների, որ պետք է հզորացնեն մեր հայրենիքն ու ապագան: Քանի որ մենք էլ մեր հերթին պետք է փոխանցենք այս հիշողությունը մեր զավակներին»,-հավելել է Կարին Տոնոյանը: Ապա նրա սաներից մեկը կարդացել է ընկերուհու նամակը, որի սիրած տղան զոհվել է պատերազմում:

Նամակը պատասխանն է բոլորի եւ Կարին Տոնոյանի այն հարցի՝ արդյոք կարո՞ղ է մի օր նա ներել թուրքին, հատկապես  որ իշխանությունները  նման  ապագան են պատրաստում: «Սա պատասխան է բոլոր նրանց համար, ովքեր մտածում են, թե նոր սերունդն ուզում է միայն լավ ապրել, ուզում է խանութներն առատ լինեն, հանգստանալու տեղերը՝ շատ»,- նշել է Կարին Տոնոյանը:

Իսկ 18-ամյա սիրած էակին կորցրած աղջիկը պատասխանել է՝ վկայակոչելով  օտարների կարծիքը թուրքերի մասին՝  ներառյալ քրդական ծագումով գրող Յաշար Քեմալի հիշողությունները հայոց ջարդերի մասին, նաեւ անդրադարձել է հարազատներին կորցրած, հետագայում փայլուն կրթություն ստացած «Նեմեսիսի» հիմնադիր Շահան Նաթալիի այն խոսքերին, որ եթե թուրքին չճանաչեցինք երեկ, չենք ճանաչի նաեւ այսօր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930