Այսօր Դիլիջան համայնքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված դիլիջանցի զինծառայողների և կամավորների պարգևատրման արարողություն։
Միջոցառման ողջ ընթացքում բոլոր ներկաներն ու կազմակերպիչները հազիվ էին զսպում իրենց հուզմունքը։
Կարդացեք նաև
Միջոցառման կազմակերպիչներից «Չղջիկներ» վետերանների միության նախագահ Նվեր Գալստանյանը իր խոսքում չնայած նշեց, որ պատերազմից հետո պատերազմի մասնակից զինվորներին և կամավորներին իրենց շնորհակալությունը հայտնելու նպատակով նմանատիպ միջոցառումներ շատ են կազմակերպվում, սակայն ամեն անգամ կարիք կա հերոսների հանդեպ խոնարհումն արտահայտելու։
«Վերջին անգամ նման միջոցառում Դիլիջանում կազմակերպվել էր 2017 թվականին՝ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը վառ պահելու համար, սակայն այս անգամ մեր վիշտը ավելի մեծ է, քանի որ մեր զոհերի քանակը, ցավոք, ավելի շատ է։ Ինձ համար ամեն նման միջոցառման ժամանակ պատվոգիր հանձնելուց չափազանց ծանր զգացումներ են առաջանում, սակայն միաժամանակ նաև մեծ հպարտություն եմ զգում ամեն հերոսի անունը բարձրաձայն արտասանելիս»,- իր ելույթում նշեց Նվեր Գալստանյանը։
Պատվոգրերը ստանալուց հետո զոհված զինծառայողներից մեկի հայրը ելույթ ունեցավ, որտեղ հիշեց, որ պատերազմի ընթացքում իր որդին, ով ամենախիզախ մարդկանցից էր, միշտ իրեն խնդրում էր, որ հանկարծ չգնա պատերազմի դաշտ.
«Երբ պատերազմը սկսվեց, տղայիս հետ խոսելուց, ասաց՝ պապ հանկարծ չգաս։ Անձամբ ես 73 զինվորի ծնողների հետ մտել եմ Արցախ, որ մեր երեխաների մարմինները հանենք։ Ես տեղեկություն ունեմ, որ պատերազմի ժամանակ մեր երեխաներին թողել է մարտի դաշտում գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը ու փախել։ Հոկտեմբերի 8 – 9 -ը, երբ արդեն Հադրութը գրավված էր, հենց էդ Գոռ Իշխանյանը ստորագրել է հրաման, որ մարտի դաշտից մեր երեխաներին տանեն Հադրութ, որտեղ բոլորը զոհվել են»,- զոհված զինծառայողի հայրը չկարողացավ զսպել իր բարկությունը, և նրա հարազատները օգնեցին նրան դուրս գալ դահլիճից։
Միջոցառման ավարտին Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից զինվորների ծնողներին շնորհակալություն հայտնելու ցանկությամբ հանդես եկավ 12-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները՝ Աքսաննա Առաքելյանի