Կայացավ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության անդրանիկ համագումարը, եւ կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գեւորգյանը:
Ի թիվս այլնի, նա հայտարարեց, որ իրենց կուսակցության առաջնահերթություններից է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության պաշտպանության, ազգային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովումը, «Ազգ-բանակ» մոդելի կիրառումը՝ ՀՀ առանձնահատկությունները համադրելով Իսրայելի, Շվեյցարիայի փորձի հետ:
Ռուբեն Գեւորգյանը նշեց, որ իրենց կուսակցությունն արտաքին քաղաքականության բնագավառում կարեւորում է ռազմավարական, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի, քաղաքական, ռազմատեխնիկական անվտանգության, քաղաքական համակարգերի ամրապնդման առումով՝ ՀԱՊԿ-ի հետ: Ասաց, որ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցությունը նպատակահարմար է համարում, որ Հայաստանը շարունակի լինել ԵԱՏՄ անդամ:
«Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության նախագահը հավելեց, որ բազմաբեւեռ արտաքին քաղաքականության համատեքստում էլ առաջնահերթություն են հարաբերությունները՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի եւ այլ երկրների հետ:
Կարդացեք նաև
Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ իրենց համար կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակականությունը՝ սկզբունքային համարելով ճանաչումը, դատապարտումը, փոխհատուցումը: Իսկ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում կուսակցության տեսլականը հետեւյալն է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Նորաստեղծ կուսակցության նախագահի խոսքով, «Ազգ, բանակ, հայրենիքը» ազգին եւ պետությանը ծառայող կուսակցություն է, որը գործող կուսակցություններին բնորոշ գործելաոճ չի ընտրելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ