«Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած «Ընտրական բարեփոխումների ամբողջական ընդունման անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ «Իմ քայլ»-ական պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ ամենեւին չի բացառում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունման նախօրեին ունենան խորհրդանական լսումներ, եւ բոլոր կողմերի համար լրացուցիչ հնարավորություն ստեղծվի արտահայտվելու դրա շուրջ:
«Ռեյտինգայինի մասով համաձայն չեմ Դանիել Իոաննիսյանի հետ, որ թեման փակված է, որովհետեւ իրապես Ազգային ժողովի կողմից ընդունված այդ նախագիծը դեռեւս նախագահի կողմից չի ստորագրվել, եւ ապրիլի 23-ին լրանում է չստորագրելու եւ ՍԴ ուղարկելու ժամկետը»,-ասաց Համազասպ Դանիելյանը:
Պատգամավորը հայտնեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը նախքան պաշտոնական շրջանառությունը՝ ներկայացվել է թե՛ խորհրդարանական խմբակցություններին՝ կարծիքի համար, թե արտախորհրդարանական ուժերին: Հավելեց, որ նաեւ առանձին դրույթներ հանրայնորեն քննարկելու բազմաթիվ առիթներ են եղել 2020 թ. ամառվանից սկսած, եւ այս փաթեթը ԱԺ համապատասխան աշխատանքային խմբի երրորդ «պրոդուկտն» է:
Իշխանական պատգամավորի խոսքով, հիմնականում քաղաքական մեծամասնության կողմից եղել է պատրաստակամություն եւ հանձնառություն փոփոխություններ իրականացնելու եւ դրա մասին իրենք խոսել են նաեւ «Լուսավոր Հայաստանի» իրենց գործընկերների հետ, առաջարկել իրականացնել այդ փոփոխությունները, ինչի համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը:
Կարդացեք նաև
Համազասպ Դանիելյանի ձեւակերպմամբ, այժմ ունեն այն բովանդակությունը, ինչ ունեն, որի շուրջ ակնկալում են լսել կարծիքներ. «Իսկ հավանաբար առաջիկա տասնօրյակում նախագիծը կդրվի քննարկման, եւ կա այդ նախագիծն ընդունելու քաղաքական հանձնառություն, սակայն հարցերի հարցը մնում է այն, թե բովանդակության որ մասը կարող է կիրառելի լինել հունիսի 20-ի ընտրությունների համար, որովհետեւ կան մի քանի անհայտներ, որոնք դժվար է կանխատեսել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ