Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ազգային-ժողովրդավարական բեւեռի նամակը ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ Ադրբեջանում գտնվող գերիներին վերադարձնելու հարցի վերաբերյալ

Ապրիլ 17,2021 12:24

2021 թ. ապրիլի 16-ին Ազատության հրապարակում կայացած Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասնակիցների նամակը ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ Ադրբեջանում գտնվող գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում
Միավորված Ազգերի Կազմակերպության Ներկայացուցչության մշտական համակարգող
պարոն Շոմբի Շարփին

Հայաստանի Հանրապետությունում
Ամերիկայի Միացյալ Նահանգների
Արտակարգ և լիազոր դեսպան
տիկին Լին Թրեյսիին

Հայաստանի Հանրապետությունում
Ֆրանսիայի Հանրապետության
Արտակարգ և լիազոր դեսպան
պարոն Ժոնաթան Լաքոտին

Հայաստանի Հանրապետությունում
Եվրոպական Միության
Պատվիրակության ղեկավար, դեսպան
տիկին Անդրեա Վիկտորինին

Հայաստանի Հանրապետությունում
Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար
տիկին Նատալյա Վուտովային

Հարգելի տիկնայք և պարոնայք

Հայաստանի Հանրապետությունը, վստահելով ՄԱԿ-ի որոշմամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և նրա համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդական առաքելությանը՝ տասնամյակներ շարունակ հավատարիմ է մնացել Արցախյան հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցմանը:

Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունը բանակցություններն օգտագործել է ժամանակ շահելու, ռազմական ներուժ կուտակելու և պատերազմի միջոցով ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զավթելու համար:

2020թ․ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, որսալով միջազգային իրադրության առումով իր զավթողական ծրագրի իրականացման նպաստավոր պահը, գործելով Թուրքիայի և Ռուսաստանի խորքային համաձայնությունների իրականացմամբ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վերաձևման համատեքստում, ստանալով Մինսկի խմբի մեկ այլ անդամ Թուրքիայի ուղիղ և անուղղակի ռազմաքաղաքական և ռազմական աջակցությունը, այդ թվում՝ նրա միջոցով վարձված և ռազմական գործողությունների շրջան տեղափոխված իսլամիստ վարձկաններին, ինչպես նաև էապես օգտվելով ի շահ Ադրբեջանի կիրառված՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմավարական վերահսկողության առավելությունից, սանձազերծեց Արցախյան հիմնախնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ագրեսիա՝ զավթեց Արցախի տարածքի մի մասը, հայկական կողմին պատճառեց մարդկային և նյութական ահռելի կորուստներ:

2020 թ. նոյեմբերի 9-ին՝ պատերազմի 44-րդ օրը, երբ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վերաձևման ռուս-թուրք-ադրբեջանական գործարքը մոտեցավ նրանց պայմանավորվածությունների եզրագծին, Հայաստանին պարտադրվեցին ստորացուցիչ պայմաններով կապիտուլյացիոն պայմաններ:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները, ոտնահարելով միջազգային իրավունքը և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նրա կենսական ազգային շահերն ու Սահմանադրությունը, ստորագրեցին Հրադադարի հայտարարություն:

Կարևոր է արձանագրել, որ միջազգային իրավունքին չեն հակասում միայն այդ հայտարարության 1-ին կետը, որով ամրագրված էր, որ 2020թ․ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00։00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար և դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, իսկ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև 8-րդ կետը, ըստ որի՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։

Մինչդեռ հենց այդ երկու կետերն են, որ չեն կատարվում. Հայկական կողմին Ռուսաստանի ճնշմամբ հետագայում ստիպեցին նահանջել նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքերից, իսկ գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցը նույն Ռուսաստանի երկդիմի քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը, շարունակելով ուժի կիրառման սպառնալիքի ագրեսիվ քաղաքականությունը, վերածել է Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու լծակի:

Մինչ օրս նույնիսկ հայտնի չէ, թե իրականում Հայկական կողմից քանի գերի և այլ պահվող անձ կա Ադրբեջանում:
Հայաստանը հանձնել է իր մոտ եղած բոլոր գերիներին, սակայն Ադրբեջանը միայն 64 հոգու է հանձնել, իսկ մյուսներին պահում է՝ ի խախտումն միջազգային մարդասիրական իրավունքի և աննկարագրելի տառապանք պատճառելով նրանց հարազատներին ու ամբողջ հայ ժողովրդին:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գտնվում են Կրեմլի ամբողջական վերահսկողության ներքո և ի զորու չեն գործուն քայլեր ձեռնարկել գերիների վերադարձի խնդիրը լուծելու համար, իսկ Հրադադարի հայտարարության երրորդ կողմ և դրա իրագործման միջնորդ ու երաշխավոր Ռուսաստանն ըստ էության աջակցում է Ադրբեջանի շանտաժիստական քաղաքականությանը, մենք՝ որպես հայ ժողովրդի ներկայացուցիչներ, դիմում ենք ՄԱԿ-ին, Մինսկի խմբի համանախագահներ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային և Եվրոպական Միությանն ու Եվրոպայի խորհրդին՝ խնդրելով օր առաջ գործուն միջոցներ ձեռնարկել Հայկական կողմի գերիների և այլ պահվող անձանց ստույգ քանակն ու տվյալները ճշտելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ և հանրահավաքի մասնակիցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930