Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության խնդիրն է ձգձգել ԵՊՀ ռեկտորի ընտրությունը․ «Ազգ»

Ապրիլ 17,2021 10:05

Կրթության ոլորտի քաղաքականություն մշակող պատասխանատուները կրկին դիմել են օրենքները սեփական քմահաճույքին հարմարեցնելու փորձված մեթոդին:

Այն նույն մարդիկ, որ նախկինում բարձրաձայնում էին բուհական ինքնավորությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին, ընդունել են մի օրենք, որով ոչ միայն չեն նվազեցրել հանրային բուհերի կառավարման խորհուրդներում կառավարության կողմից ներկայացվող մասնակիցների քանակը, այլեւ սահմանել են, որ համալսարանի ռեկտորը այլեւս ոչ թե ընտրվելու է համալսարանականների կողմից, այլ ըստ էության նշանակվելու է լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարի կողմից: Ավելին՝ նոր օրենքով էապես մեղմացվել են ռեկտորին ներկայացվող չափորոշիչ պահանջները:

Նոր օրենքի այս «կարգավորումները» ուժի մեջ են մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, ուստի կառավարության խնդիրն է ձգձգել ԵՊՀ ռեկտորի ընտրությունը մինչեւ այդ ժամկետը: Այդ նպատակով այս օրերին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 15-ը ներկայացրել են հրաժարականի դիմում, որպեսզի տապալեն հոգաբարձուների խորհրդի հետագա գործունեությունը, ավելի կոնկրետ՝ կանխեն խորհրդի կողմից նոր ռեկտորի ընտրությունը:

Եթե հոգաբարձուների խորհրդի կազմը լքի եւս մեկ անդամ, ինչին ակնհայտորեն ձգտում է կառավարությունը, ապա խորհրդում այլեւս անհնար կլինի ապահովել քվորում, եւ ռեկտոր ունենալու տեսլականը կրկին կմնա անորոշ:

Իրողություններն ու իրադարձությունները համալսարանականների համար ցավալի են երեւույթների դիտարկման մակարդակում եւ ոչ երբեք անձանց: Բազում խնդիրներ եւ ծրագրեր մնացել են օդում կախված՝ ընտրված ռեկտորի բացակայության պատճառով: Երեւանի պետական համալսարանը, որ պետք է այս դժվարին ժամանակներում դառնար երկրի շարժիչ ուժերից մեկը, արդեն երեք տարի չունի զարգացման ռազմավարություն եւ ապագային միտված որեւէ ծրագիր, որը ոչ միայն չի արթնացնում ազգային վերածննդի հույսը, այլեւ խաթարում է համալսարանի՝ առանց այն էլ խարխուլ կրթական եւ գիտական մթնոլորտը:

Տաթևիկ ՍՈՂՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930