Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժելով՝ մեջքը չես ուղղի

Ապրիլ 17,2021 10:00

Երեկ լսեցի երիտասարդ պատգամավորներից մեկի հերթական «նայեզդը» անանուն մի գեներալի վրա (չգիտեմ, ում նկատի ուներ՝ Սեյրան Օհանյանին, Մովսես Հակոբյանին, կամ գուցե Օնիկ Գասպարյանին):

Կասկած չկա, որ նման ելույթները դուր են տալիս իշխանական պատգամավորների «շեֆին», որն, ի դեպ, նույնպես օգտագործում է «ընդդիմադիր գեներալ» անորոշ բառակապակցությունը: Պարզ է՝ նախընտրական շրջան է, իշխանական թիմի ներկայացուցիչներին, թերեւս, հանձնարարված է բոլոր ընդդիմախոսներին եւ քննադատներին վարկաբեկել:

Գուցե նման վարկաբեկումների համոզիչ լինելուց, «պորտը տեղը դնելու» հռետորաբանության սրությունից են կախված իմքայլականների տեղերը կուսակցության նախընտրական ցուցակում: Միանշանակ է նաեւ, որ գեներալներն ամենեւին էլ սուրբ չեն, իսկ նրանց քաղաքական հայացքները կարող են մեզ դուր չգալ: Բայց երբ ես, թեկուզ քննադատաբար, խոսում եմ նման մարդկանց մասին, ես, այնուամենայնիվ, փորձում եմ «հաշվեկշռել» իմ եւ նրանց ծառայությունները, իմ եւ նրանց անցած ուղին:

Նույնը, հավանաբար, պետք է անեն հաջորդ սերունդը ներկայացնող իշխանավորները: Մանավանդ՝ երբ խոսքը բանակի մասին է: Մենք ունեցել ենք ե՛ւ կոռումպացված, ե՛ւ հղփացած, ե՛ւ իշխանությունից գլուխները կորցրած գեներալներ: Մենք ունեցել ենք (բացառված չէ, հիմա էլ ունենք) հրամանատարներ, որոնք վաճառում էին իրենց զորամասերի բենզինը: Բայց ներկայացնել մեր բանակի 20 տարվա պատմությունը որպես համատարած թալան՝ քարոզչական չափազանցություն է:

Դա սխալ է երկու տեսանկյունից, նախ՝ պետք է բերել այդ «համատարած թալանն» ապացուցող ծանրակշիռ փաստեր. օրինակ, զենքի համար հատկացված X գումարից չի գնվել, գրպանվել է, քամուն է տրվել Y գումարը: Դա անհրաժեշտ է ոչ միայն ինչ-որ մեկին մեղադրելու, այլեւ ապագայի համար «գույքագրում» անելու համար:

Երկրորդ՝ նույն՝ ապագայի տեսանկյունից՝ բանակը որպես պետության կարեւորագույն ինստիտուտ, պետք է զերծ պահել քարոզչական հարվածներից, մերկապարանոց վարկաբեկող հայտարարությունից: Ակնհայտ է, չէ՞, որ 2020 թվականի պատերազմը վերջինը չէր հայ ժողովրդի պատմության մեջ, եւ ամոթալի պարտությունից հետո մենք վաղ թե ուշ պետք է մեջքներս ուղղենք: Հետեւաբար, քաղաքական, նախընտրական նկատառումներով զրոյացնել մեր պետության, մեր բանակի պատմության ինչ-որ մի ժամանակահատված՝ վնասակար է, ստեղծում է անվստահության, նիհիլիզմի մթնոլորտ, որի առկայության դեպքում հնարավոր չէ մեջքն ուղղել:

Քանի դեռ Հայաստանի իշխանությունը իրեն չի դրսեւորում որպես իշխանություն, այլ հանդես է գալիս որպես նախորդ իշխանության ընդդիմություն, քանի դեռ նրա ամբողջ գործունեությունը հիմնված է քարոզչության, մերժելու, որոշակի զանգվածի հույզերի եւ բնազդների վրա խաղալու վրա, մեջքն ուղղելու մասին խոսելը վաղաժամ է:

Պետությունը, հասարակությունը կարող է իրեն վերագտնել միայն այն դեպքում, երբ միասնական է, երբ ունի ընդհանուր նպատակ: Ներկա իշխանավորները, մեղմ ասած, դրան չեն նպաստում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հայտնի խոսք կա’ թողեք ես ղեկավարեմ երկրի փողը եւ ինձ չի հետաքրքրում, թե ինչ օրենքներ են գրվում այդ երկրում:
    Եթե գեթ մեկ ռազմավարական ռեսուրս մեր ձեռքում չէ, մենք չենք կարող լինել սուվերեն, օրինակ, մեր փողի էմիսիան մեր Կառավարության հսկողությունից դուրս է, մենք միջազգային փողի սպառողն ենք եւ ոչ թե սեփական փողի արարողը: Ինչպե՞ս մաքսիմալ չափով ազատվել ռազմավարական ռեսուրսների արտաքին կախվածությունից: Ցանցային Կառավարության ‘ ՑԿի համար կարելի է ստեղծել ռեսուրսային քրաուդֆանդինգ, որտեղ ՑԿն պետպատվեր է ներկայացնում եւ համապատասխան գումար հատկացնում, իսկ ռեսուրսաստեղծողներն ու ռեսուրսակիրներն առաջարկում են իրենց ռեսուրսները եւ եթե դրանք համապատասխանում են տեխնիկական առաջադրանքներին, նրանց ռեսուրսներն ընդունվում են:
    Թեմայի վերաբերյալ իմ կարծիքը’ ներկա նախկիննները’ դրանք նույն բանն են, միայն տարբեր գարշոկներում:

  2. Լավատես says:

    Ես ծաղիկներն ի նկատի ունեի գարշոկներում:)

  3. v.k says:

    Իրանի թագավոր Ֆաթհալի շահը կորցնելով և հանձնելով անդրկովկասը Ռուսներին Թեհրանում շնորհակալության արարք կազմակերպեց այն պատճառաբանելով որ Թեհրանն էլ ուզում էին չտվեցինք.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930