Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պահանջը նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանությունը աշխարհին ճանաչել տալու նկրտումներից. «Ազգ»

Ապրիլ 17,2021 09:20

Ապրիլի 8-ին դեռեւս Բաքվում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների ընտանիքները հույսով սպասում էին Բաքվից Երեւան ժամանող ինքնաթիռին։ Սակայն նրանց խորը հիասթափություն էր սպասվում, քանի որ ինքնաթիռից դուրս չբերվեց եւ ոչ մի գերի։

Ինքնաթիռի միակ ուղեւորը Ղարաբաղում եւ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուսլան Մուրադովն էր։ Զայրացած ծնողները իրենց դժգոհությունը արտահայտեցին Պաշտպանության նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիայի միջոցով, ինչպես նաեւ փակելով Գյումրի-Երեւան ճանապարհը, քանի որ գերիների մեծամասնությունը ծնունդով գյումրեցի է, իսկ մյուս մասը` Շիրակի մարզից։

Ինչո՞ւ տեղի ունեցավ այս սրտաճմլիկ դրաման։ Ապրիլի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր երկար սպասված այցը կատարեց Ռուսաստան եւ հանդիպեց նախագահ Վլադիմիր Պուտինին։ Քննարկումները տեւեցին 4 ժամից ավելի, սակայն ամենաանհետաձգելի հարցը հայ ռազմագերիների ճակատագիրն էր, որոնք դեռեւս պահվում են Ադրբեջանում 44-օրյա ղարաբաղյան պատերազմից հետո` վերջիններիս ընտանիքներին առավելագույն հոգեբանական տրավմա պատճառելու ակնհայտ նպատակով։

Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդած թույլ հույսը առաջացել էր գերիների հարցը լուծելու համար զգալի քայլեր ձեռնարկելու` Պուտինի խոստման հետեւանքով։ Էլ ավելի հուսադրող էր այն նորությունը, որ Պուտինը հեռախոսային խոսակցություն էր ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ակնկալիքների շղթան եզրափակում էր գերիներին Երեւան վերադարձնելու հստակ առաքելությամբ գեներալ Ռուսլան Մուրադովի թռիչքը Բաքու։

Թեեւ Բաքվում պահվողների մոտալուտ ազատման մասին լուրը տարածել էր Մոսկվան, Երեւանի պաշտոնատար անձինք նույնպես հաստատել էին դա` մեծացնելով հանրության ակնկալիքները։ Սակայն լրատվամիջոցները մոռացել էին լուսաբանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Աբդուլահ Բոզկուրտի այցը Բաքու` Իլհամ Ալիեւի հետ բանակցելու նպատակով։ Վարկած կա, որ հենց այդ այցն էր դարձել բանտարկյալներին ազատ արձակելու պլանների խափանման պատճառը։

Երեւանում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուսահատված ընտանիքներին հայտնել էր, որ ռազմագերիների ժամանումը հետաձգվել է, մինչդեռ գեներալ Մուրադովը հանդիմանել էր Հայաստանի կառավարությանը ընտանիքներին կեղծ հույսերով կերակրելու համար` ակնարկելով, որ իր Բաքու կատարած այցը ռազմագերիների խնդրի հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Դա ռուսական կողմի համար ակնհայտորեն իր «դեմքը փրկելու» համար արված հայտարարություն էր, որը մինչ այդ տարփողում էր, որ նախագահ Պուտինը հսկայական ջանքեր է ներդրել ռազմագերիների հարցը լուծելու համար։

Ալիեւի զայրույթը էլ ավելի էր բորբոքվել այն փաստից, որ Հայաստանի Սյունիքի մարզով Բաքուն Նախիջեւանին կապող` իր երազած միջանցքի կառուցման ծրագիրը որոշակի խութերի է հանդիպել։

Վերլուծաբանները կարծում են, որ այս հարցերը չեն կարող բավարար պատճառ հանդիսանալ Ադրբեջանի լռության համար, քանի որ բեմի հետեւում դրանք մանիպուլացվում են Անկարայի կողմից, որը Հայաստանից հետագա զիջումներ է ակնկալում։ Հիշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն վերջերս նշել է, որ Անկարան կարող է վերացնել շրջափակումը, պայմանով որ Հայաստանը իրեն պահի «ինչպես հարկն է»։ Քաղաքագետները հետազոտել են այն պայմանները, որոնցով կարելի է ձեւակերպել այդ «ինչպես հարկն է»-ի սահմանումը։ Թուրքիայի պահանջը, հատկապես այս վճռորոշ ժամանակաշրջանում, նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանությունը աշխարհին ճանաչել տալու նկրտումներից։

 

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930