Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ոնց որ գցել են անօդ տարածություն, կափարիչը դրել վրաներս»

Ապրիլ 17,2021 13:30

Առանց թոշակառու կնոջը տեղեկացնելու՝ կազմակերպել էին տան աճուրդը

68-ամյա Մարգարիտա Շահինյանի միջնորդությունը` իր քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը օրեր առաջ բավարարել է:

«Առավոտին» 71-ամյա Գագիկ Վաղարշակյանը՝ Մարգարիտայի ամուսինը, հիշեցրեց, որ բանկը հայցով դիմել է դատարան, կնոջը՝ Մարգարիտա Շահինյանին, իրեն, դստերը՝ Միլենա Վաղարշակյանին, վերջինի անչափահաս որդուն վտարելու տնից՝ «ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին»: Ընկերությունը խնդրել է Վաղարշակյան ընտանիքին վտարել Տիգրան Մեծի պողոտա 44-րդ շենքի թիվ 8/1 բնակարանից, քանի որ նշյալ տունն այլեւս հանդիսանում է ընկերության սեփականությունը:

Մարգարիտա Շահինյանն անցյալ տարվա հուլիսի 27-ին դատարանին հայտնել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/5155/02/18 քաղաքացիական գործը ՝ իր դեմ հայցով: «Քանի որ այդ երկու գործերը փոխկապակցված են եւ իմ գործի բավարարումը անհնարին կդարձնի Ձեր վարույթի գործով հայցվորի պահանջի բավարարումը, ուստի խնդրում եմ Ձեր վարույթում գտնվող գործը կասեցնել մինչեւ դատավոր Աննա Փիլոսյանի գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելը»,-ասել էր նա։ Դատական նիստին մասնակցել էր միայն պատասխանող Մարգարիտա Շահինյանը: Միջնորդության քննությունն ավարտվել է մեկ ամիս առաջ՝ մարտի 16-ին, իսկ դատական ակտը, ինչպես տեղեկացրեցի, հրապարակվել է մարտի 22-ին:

Ակնարկված գործով՝ Մ. Շահինյանը խնդրել է իրեն պատկանող եւ գրավադրված Տիգրան Մեծի պողոտա 44-րդ շենքի թիվ 8/1 բնակարանի աճուրդը եւ դրա հիման վրա սնանկության գործով կառավարչի եւ բանկի միջեւ կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրը ճանաչել անվավեր:

Գ. Վաղարշակյանը հուզված պատմում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ իրենց «առաջին» գործը՝ «բանկի գործով» հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատավորի լիազորությունները դադարելու հիմքով գործը աշխատակազմին հանձնվել է միայն 2020 թվականի հունիսի 3-ին: Գործի վարույթը վերսկսվել է, ըստ էության, 2020թ. հունիսի 8-ին:

Այս ընտանիքը վարկ է վերցրել, կատարել վճարումները բանկի հանդեպ եւ թիվ ԵԴ/5155/02/18 քաղաքացիական գործով վիճարկում են բնակարանի աճուրդը եւ դրա հիման վրա կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրը:

«Առավոտը» տարիներ առաջ այցելել էր թոշակառուների վթարային համարվող տունը, «կոպեկներով» գնված, որտեղից նրանց վտարման պահանջ էր դրվել դատական գործընթացներից մեկի ժամանակ: Դա այն ժամանակահատվածն էր, երբ մարդիկ վարկ էին վերցնում, մայր գումարը մարում, սակայն ահռելի տոկոսների մարման ժամանակ ընկնում էին տույժ-տուգանքների տակ՝ կորցնելով ամեն բան:

Գ. Վաղարշակյանը, որին օրեր առաջ այցելել են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հ. Սիմիդյանի ներկայացուցիչները, ասում է. «Մեզ ոնց որ գցել են անօդ տարածություն, կափարիչը դրել վրաներս: Դատավորները սքեմ հագած գազաններ են: Մեր գործը երկու անգամ բեկանվել է, մենք գումար չունենք, այլեւս մեր դառը քրտինքով գնած խրճիթը բանկին տալու: Մեզնից հինգուկես միլիոն դրամ գումար են ուզում, ինչո՞ւ…»:

Դեռեւս 2012 թվականի հուլիսի 2-ին բանկի հետ կնքվում է հիփոթեքային պայմանագիր, որով գրավադրվել է Մարգարիտա Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը: Հայցվորի պնդմամբ` ինքը պատշաճ կատարել է բանկի առջեւ ստանձնած պարտավորությունները: Հետագայում, իրավահաջորդ բանկը եւ սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանը պայմանագրով սահմանված կարգի խախտմամբ, առանց թոշակառու կնոջը՝ Մարգարիտա Շահինյանին տեղեկացնելու, կազմակերպել են աճուրդ եւ սեփականության իրավունքը` գրավադրված գույքի նկատմամբ փոխանցել բանկին: Սնանկության գործով կառավարչի եւ բանկի միջեւ կնքվել է անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիր:

Գրավառուն կարող է գրավի առարկան օտարել պարտապանին ծանուցելուց հետո: Հայցվորը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, հայտնել է, որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի եւ պայմանագրի նշյալ պահանջը:

Գործի վարույթը կասեցրած դատարանը էական նշանակություն ունեցող փաստարկների մեջ նշել էր ՀՀ սահմանադրական դատարանի 19.01.2016 թվականի թիվ ՍԴՈ-1251 որոշումը: Համաձայն որի՝ արձանագրել է, որ բոլոր դեպքերում դատարանի իրավասությանն է վերապահված գնահատելու, թե արդյոք հնարավո՞ր է տվյալ գործի քննությունը մինչեւ այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը:

Անդրադառնալով Քաղաքացիական դատավարության օրենսգրքով գործի քննությունը կասեցնելու անհնարին լինելու վերլուծությանը՝ նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է`

1. Նշել այն կապը, որն առկա է քննվող գործի եւ այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի միջեւ, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն:

2. Նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տես՝ թիվ ԵԱՔԴ/2790/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.10.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաեւ արձանագրել է, որ գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում, դրանք են՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ քաղաքացիական դատավարությունների կարգով քննվող այլ գործի առկայությունը եւ տվյալ գործի քննության անհնարինությունը մինչեւ նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը: Դա պայմանավորված է այն հանգամանքներով, որ այլ՝ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով փաստերը տվյալ գործի լուծման համար ունեն նշանակություն, եւ տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը:

Ըստ դատավոր Ժ. Ասատրյանի, գործի փաստերի համաձայն` տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն եւ գործը վարույթ է ընդունել նոր դատավորը:

Դատարանն արձանագրել է. «Մինչդեռ, ըստ Դատական տեղեկատվական համակարգ DataLex.am ծրագրի՝ թիվ ԵԴ/5155/02/18 քաղաքացիական գործի տվյալների, հայցվորը խնդրել է անշարժ գույքի` հայցվորին պատկանող եւ գրավադրված ՀՀ քաղաք Երեւան, Տիգրան Մեծի պողոտա 44-րդ շենքի թիվ 8/1 բնակարանի աճուրդը եւ դրա հիման վրա 19.02.2018 թվականի սնանկության գործով կառավարչի եւ բանկի միջեւ կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչել»:

Ի՞նչ է ստացվում. մարդը դեռ դատական պաշտպանության իրավունքը լիարժեք չիրացրած՝ զրկվում է սեփականության իրավունքից եւ օրերի տարբերությամբ նույն հայցի շրջանակներում երկու իրարամերժ որոշումներ են կայացվում. կասեցման եւ վտարման…

Տարեց կինը զբաղվել է թարգմանչությամբ, ներկայումս ունի առողջական լուրջ խնդիրներ, ամուսինը մինչ թոշակի անցնելն աշխատել է որպես պատմության ուսուցիչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930