Լրահոս
Օրվա լրահոսը

… Սամվելը…

Ապրիլ 17,2021 12:00

Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ վիպակից

Իմ վեց ավագ քույրերից ամենաավագի՝ Ռոզայի որդին է: Սամվելի հետ կապված բազմաթիվ հուշեր ունեմ, թե երկրաշարժից առաջ, թե՝ հետո:

Փոքր տարիքում ավագ եղբոր՝ Գագիկի հետ, հաճախ էր օրերով ու շաբաթներով ապրում մեր տանը: Երեքս միասին, ամեն օր, հորթին տանում էինք մեր հողամասը՝ արածեցնելու, մեզ հետ վերցնելով սննդի մի փոքր պաշար, որի ուտել-վերջացնելուց հետո շտապում էինք հետ գնալ տուն:

-Ա՛յ բալա, հորթին սոված տուն եք բերե՞լ,- նախատում էր տատս, հետո շարունակում,- դե որ եկել եք, սոված կլինեք, ճաշը տաքացնեմ, կերեք… Իմ քաղցրանո՜ւշ տատ, միայն քո գուրգուրանքը հերիք էր, որ կշտանայինք…

Երկրաշարժից մի քանի օր անց, զգալով կնոջս հետզհետե վատթարացող վիճակը, որոշեցի նրան Մոսկվա տեղափոխել: Հետագայում համոզվեցի, որ ճիշտ եմ վարվել: Մոսկվայի օդանավակայանում մեզ դիմավորող բուժանձնակազմի հետ «պայքարի մեջ մտնելով», ստիպեցի, որ կնոջս Սկլիֆասոֆսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտ տեղափոխեն, որտեղ գիտեի՝ հրաշալի մասնագետներ էին աշխատում: Ես «հաղթեցի այդ պայքարում» եւ հենց այդ հիվանդանոցում էլ գտա Սամվելին ու կնոջը: Այո՛, գտա: Այն հրեշավոր ժամանակներում հարազատ-բարեկամի հանդիպելիս անզուսպ ուրախություններս այնպես էինք արտահայտում, որ, կարծես, տարիների անհույս բաժանումից հետո նոր էինք գտնում միմյանց:

Երբ երկրաշարժի գոտուց որեւէ վիրավոր էր ընդունվում հիվանդանոց, քայլելու ընդունակ բոլոր հիվանդներն շտապում էին «նորեկի» հիվանդասենյակ, իմանալու նրա ով լինելը, իսկ ծանոթ լինելու դեպքում՝ յուրայիններից լուր ստանալու հույսեր փայփայելով: Այդպես էլ Սամվելը եկավ մեզ մոտ, ուրախությամբ տեսակցելուց հետո լուր տարավ կնոջը՝ Կարինեին, ով դեռեւս քայլել չէր կարողանում: Քիչ անց, նա շարժամահճակալով բերեց նաեւ կնոջը: Կարինեի ոտքի բազմաթիվ բեկորային կոտրվածքները բուժել-վերականգնելու նպատակով Ելիզարովի ապարատի երկաթյա գործիքամասերով կապկպել էին, անշարժեցրել, իսկ սրունքի տեղաշարված կոտրվածքով ոսկորներն իրար էին կապակցել երկաթյա խողովակաձեւ ամրանով, մեկ տարի անց նորից վիրահատելու եւ ամրանը հանելու պայմանով:

Երկրաշարժից առաջ Սամվելը կոոպերատիվ հիմունքներով կառուցված բնակարան էր գնել քաղաքի կենտրոնական հատվածում:

Երկրաշարժի պահին կնոջ եւ աշխատանքային ընկերոջ հետ գտնվել են երրորդ հարկի այդ բնակարանում: Սարսափելի ցնցումները հաջորդել են մեկը մյուսին եւ բոլորին, անխիղճ դաժանությամբ, դուրս են նետել բնակարանից: Սամվելը կնոջ հետ հայտնվել է բետոնե հսկա սալիկների միջակայքում: Եվ, ինչպես ինքն էր պատմում հիվանդանոցում՝ մոտ 30 սմ խրամատաձեւ տարածություն է մնացած եղել իրենցից բարձր եւ ցածր ընկած սալիկների միջեւ:

– Դեռ չէի հասկացել, թե ի՞նչ է կատարվել, կամ ի՞նչ է տեղի ունենալու հետո, տեսա, որ վերեւից պոկված մի հսկա սալիկ ուղիղ մեր վրա է ընկնում: Ես որքան ուժ ունեի՝ գոռացի, զգալով, որ սա մեր վերջն է: Սալիկի ընկնելուց հետո փառք տվեցի Աստծուն, որ… «խրամատը» փրկեց մեզ: Բայց էլի տագնապած էի: Կնոջս ոտքը մնացել էր սալերի տակ, իսկ ես շարժվելու, այդտեղից դուրս գալու հույսս կորցրել էի: Այդ դժոխային պահին լսեցի մեզ փնտրող՝ հորս տագնապած ձայնը եւ փրկության հույսս «արթնացնելով», անմիջապես արձագանքեցի: Հայրս արագորեն հեռացրեց ինձ «խրամատից», ապա նաեւ Կարինեին՝ անասելի չարչարանքով դուրս հանելով բետոնների «գերությունից»: Եվ…, վայրկյաններ անց, ողջ շենքը փլվեց մեր ընկած տեղը, քարերով ու երկաթբետոնե կառուցվածքներով անգթորեն ծածկելով փլատակների տակ հայտնված ընկերոջս ու բազմաթիվ դժբախտների…

Սամվելի աչքերից գլորվող արցունքների դառնությունն զգում ու կիսում էինք բոլորս: Մեր ճակատագրերը միեւնույն «զուգահեռականներում էին»՝ աննախանձելի ու ողբերգությամբ պարուրված: Սակայն, նրա պայծառությամբ համակված առողջ բանականությունը ոչ միայն իրեն, այլ շատերիս էր կյանք տալիս՝ ասել-խոսելով եւ անսահման նուրբ հումորով լցված:

Սամվելի ձեռքի միջնամատը վնասվել էր եւ հիվանդանոցում մոտ 3 սմ չափ հեռացրել էին: Ապաքինումից հետո, երբ բաժանմունքի վարիչը հայտնել էր նրան դուրս գրելու մասին, Սամվելը պատասխանել էր.
-Ես դուրս կգրվեմ միայն այն ժամանակ, երբ միջնամատս աճելով հասնի իր նախկին չափին…

Սամվելի հորը՝ Ժորային, ում «անձնագրային» անունը Հարություն էր, երկրաշարժից մի քանի րոպե անց տեսել էի իր տան մոտերքում, կիսամերկ ու պատառոտված հագուստով, դեպի ներքեւ՝ Սպիտակի կենտրոնի կողմ վազելիս: Այդ պահին էլ տղայիս՝ Սարգսին իր դպրոցից հրաշքով փրկել ու դեպի հիվանդանոց էի տեղափոխում, իբր՝ բժիշկների կողմից որդուս օգնություն ցուցաբերելու համար, դեռեւս չպատկերացնելով, որ հիվանդանոցի մոտակայքում ականատես էի լինելու բազմաթիվ բուժաշխատողների այլակերպված դիակների: Ես դեռ չէի ըմբռնել անասելի մեր ողբերգության ծավալներն ու ավերածությունների չափերը: Ինչպես ընդունված է ասել՝ «դեռ տաք էի»:

Հետագայում, երբ Ժորային հարցնում էի.
-Ինչո՞ւ ինձ չպատասխանեցիր, որ գոռում էի՝ քույրս ո՞ղջ է…

Նա միշտ զարմացած նույն պատասխանն էր տալիս.
-Ես այդ ընթացքում քեզ չեմ տեսել: Դու ինձ նման բան չես հարցրել …

Անիծյալ ժամանակներ, որ ցնցումներով ու զարհուրելի հիշողութուններով լցրեցիք մեր առօրյան ու կյանքը…

Քրոջս՝ Ռոզայի ընտանիքը կորուստներ չունեցավ ավերիչ երկրաշարժի ժամանակ: Սակայն աղետի «ձեռքերը երկար էին» ու «երկարաժամկետ»:

Երկրաշարժից ուղիղ երեք տարի անց, դեկտեմբերի յոթի երեկոյան, Վանաձորում, Ռոզայի ավագ որդու՝ Գագիկի կիննն ու երկու զավակները վրաերթի ենթարկվեցին: Լուիզան՝ Գագիկի կինն ու ավագ որդին՝ Հարությունը, մի կերպ փրկվեցին, իսկ կրտսերի կյանքը փրկել չհաջողվեց:

Կրտսերին Հրանտ էին անվանակոչել, իր պապիկի եղբոր՝ հաջողակ գործարարի անվամբ: Վթարից մի քանի ամիս անց մահացավ նաեւ անզուգական Լուիզան: Երկրաշարժի պահին կրած սոսկալի վախին գումարվեց նենգ վթարի ահավոր հետեւանքները, եւ այդ քնքուշ, ծաղկուն էակը, մի անբուժելի հիվանդությամբ հեռացավ կյանքից… Սիրելի Լուիզայից մի քանի տարի անց, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց Գագիկը, հիսունը դեռ չբոլորած, երկկողմանի ծնողազուրկ թողնելով միակ զավակին: Հարությունն այժմ հիանալի ընտանիք ունի՝ երկու զավակ եւ ապրում է Գագիկի երկրորդ կնոջ՝ մոր պես հարազատ դարձած Նելիի հետ:

Սամվելն ու Հարութը «բնադրվել են» իմ սրտի ամենաջերմ կայանքներում ու անմոռանալի երեկոներ ենք անց կացնում միասին, առաջին իսկ պատահած առիթի դեպքում…

Քույրս՝ Ռոզան, չտեսավ Գագիկի մահը: Իր անփառունակ մահվան դեմ երկար պայքար մղեց նա՝ անբուժելի հիվանդությանը հաղթահարելու հզոր ջանքերով եւ երկրային կյանքն ավարտեց Գագիկի մահից ինը տարի առաջ:

Ռոզայի մահն առավել ողբերգական էր նաեւ այն առումով, որ կյանքին հրաժեշտ տվեց եղբորս՝ Հենզելի մահվանից երկու շաբաթ հետո, չկարողանալով մասնակցել եղբոր հուղարկավորությանը, միշտ նախազգալով ու կրկնելով կյանքի իր այսպիսի դաժան վերջաբանը…
Հիմա, որքան էլ մտածում եմ, այս բոլորը երկրաշարժի օրերին անօթեւան ապրելակերպի, մինչեւ ոսկորները հասնող ցրտերին ու անասելի մարդկային զրկանքներին դիմակայելու հետեւանքներն էին, որոնք հավասարապես կրել եմ նաեւ ինքս: Այս ամենից զատ՝ «գումարվել» էին նաեւ իմ անհույս տառապանքները՝ ընտանիքիս զոհված անդամներին եւ որոշ իմ հարազատներին միայնակ հուղարկավորելու մարդկային սիրտ պայթեցնող, անբաղձալի դեպքերը: Նաեւ՝ հիվանդանոցից-հիվանդանոց սլանալով, տենչանքս՝ արյունլվա իմ կյանքից մասնաբաժին փոխանցել ընտանիքիս փրկված անդամների, հարազատ-բարեկամների առողջությունը վերականգնելու համար…

Աննախանձելի եւ անգութ իմ ճակատագիր…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930