Aravot.am-ի հետ զրույցում Ազատան համայնքի ավագանու անդամ, խոշոր ֆերմեր Գևորգ Աբրահամյանն ասաց, որ գյուղացիներից շատերը հրաժարվում են մեծ քանակությամբ կարտոֆիլ ցանելուց, քանի որ իրացման լուրջ խնդրի առաջ են կանգնել։
Նա նշեց, որ իրենց արտադրանքը մինչև վերջերս «ֆուռերով» կարողացել են արտահանել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, սակայն մոտ 20 օր է՝ տեղափոխում չի իրականացվում, հետևաբար և ձեռնտու չէ արտադրել միայն ներքին շուկայի համար։
Ըստ նրա, մեծ քանակությամբ կարտոֆիլ արտադրել ձեռնտու չէ նաև այն առումով, որ պարարտանյութի գինն է կտրուկ թանկացել, ինչպես նաև դիզվառելիքի։
«Կարտոֆիլի տնկանյութի վաճառք չի իրականացվում, դրա վրա ծանր ազդեցություն ունեցավ Արցախի 70 տոկոսի կորուստը, մեծ քանակությամբ տնկանյութ ուղարկում էինք Արցախ՝ Կուբաթլու, Բերձորի շրջանի գյուղերն ու Զանգելան։ Այս տարի վիճակը շատ լուրջ է։ Պարարտանյութի գներն էլ ահագին բարձրացել են, 1000 դրամ մի պարկի մեջ արդեն թանկացել է։
Կարդացեք նաև
Նախկինում պարենային շուկայում արտահանում կար, բայց հիմա կարծես արհեստականորեն այդ խնդիրը չի լուծվում․ ֆուռերն առաջ տեղափոխում էին Ռուսաստանի Դաշնություն, բայց հիմա խառը վիճակ է։ Տնտեսությունը հետ է գնում, մարդիկ չեն ուզում կարտոֆիլ ցանել։ Ի դեպ, անցած տարի մեծ շարժ կար սերմանցուի վաճառքի, արտադրողները շատ էին ոգևորված։
Մեր հանրապետությունը կարտոֆիլագործության մեջ համարվում է ինքնաբավ երկիր, եթե ձեռնտու լինի, խոշոր արտահանումներ լինեն, կարելի է շատ արտադրել։ Չնայած կարտոֆիլի էժան գնին՝ մինչև մարտի մինչև 25-ը մեծ քանակությամբ նորմալ արտահանվել է», -ասաց Գևորգ Աբրահամյանը։
Նշենք, որ Ազատանը Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքներից է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ