Պատասխանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունք փոխելու իշխող ուժի մոտեցումների մասին լրագրողների հարցին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ իր վերաբերմունքը Թուրքայի եւ Եղեռնի հարցի վերաբերյալ բազմիցս հայտնել է:
«Ես կարող եմ ձեզ հետ միասին վերլուծել այսօրվա Թուրքայի Հանրապետության առաջնորդների, ղեկավարության քաղաքականությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ Սիրիայում, Լիբիայում եւ այլն: Եվ դա ուղղակի տեսություն է, թե ուր է գնում ժամանակակից Թուրքիան: Բայց իմ կարծիքով, մենք հավասար վիճակում չենք գտնվում, որովհետեւ, օրինակ` Ադրբեջանի հետ ինչ-որ բան խոսելուց առաջ նախ պետք է մեր տղաներին ու աղջիկներին վերադարձնել, հետո նոր հաջորդ քայլի մասին մտածել»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Ապա` հավելեց. «Որեւէ ձեւով չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը, նորմալացումը գնալ ի հաշիվ մի կողմի, ի հաշիվ մեզ: Այսինքն ես չեմ կարող ուղղակի մոռանալ Եղեռնը՝ որպես պատմություն եւ հարյուրից ավել տարիների մեր ժողովրդի դժվարությունները, չեմ կարող պատմությունը մի կողմ դնել, հատկապես որ հակառակորդ կողմը որեւէ քայլ չի անում դրա ուղղությամբ ճանաչման կամ ներողություն խնդրելու, երբ որ դա կանի, այն ժամանակ կմտածենք»:
Պատասխանելով լրագրողի՝ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանությունը ճանաչելու եւ նախագահի կողմից Ցեղասպանություն բառը արտաբերելու վերաբերյալ հարցին, ՀՀ նախագահը նշեց. «Ես այն մարդկանցից եմ, որ փորձում եմ ոչ թե երազել, ցանկանալ, սպասել, այլ վերլուծել, եւ որքան հնարավոր է իրատես լինել:
Կարդացեք նաև
Ես իմ վերլուծությունն ունեմ, եւ սխալ կլինի, որ ՀՀ նախագահն ասի, որ սպասումներ ունի: Հատկապես որ, դա ի վերջո իմ որոշումը չէ, այլ Միացյալ Նահանգների նախագահի որոշումը…Երբ որոշումը կլինի, այն ժամանակ էլ գնահատական կտանք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ