Տավուշի մարզի դպրոցներում Տիեզերագնացության միջազգային օրվան նվիրված «Ինքնաշեն սարքավորումների» մրցույթ է անցկացվել։
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի «Արտակարգ կրթություն» ծրագրի Տավուշի մարզի ղեկավար Էսթեր Իսահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթն առաջարկել է «Արտակարգ կրթություն» ծրագրի ուսուցչուհիներից կենսաֆիզիկոս Լիլիթ Տոնոյանը և նպատակը՝ աշակերտների մեջ բնագիտական առարկաների հանդեպ սերը մեծացնելն էր:
«Մրցույթն ուներ երկու կոմպոնենտ՝ մեկը ինքնաշեն սարքավորումների պատրաստում, իսկ մյուսը՝ հրթիռների պատրաստում։ Պատրաստման ամբողջ ընթացքը երեխաները կատարել են միայնակ և պարզապես մասնակիցները ուղարկել են իրենց պատրաստած սարքավորումների կամ հրթիռների տեսանյութերը, որտեղից մենք ընտրել ենք երեք անվանակարգերի հաղթողներին։
Կարդացեք նաև
Հաղթողներից մեկը Գանձաքարի դպրոցի աշակերտ էր, մյուսը Արճիս գյուղից, իսկ մի մասնակիցն էլ եղել է Արցախյան պատերազմի հետևանքով Դիլիջան տեղափոխված երեխաներից մեկը»,- նշել է Էսթեր Իսահակյանը ։
Մրցույթի կազմակերպիչներից կենսաֆիզիկոս Լիլիթ Տոնոյանը հույս հայտնեց, որ նմանատիպ մրցույթների կազմակերպումը երեխաների մոտ ավելի կմեծացնի բնագիտական առարկաների և փորձարկումների հանդեպ սերը.
«Մեր նպատակն է զարգացնել երեխաների փորձարար էությունը և խրախուսել երեխաներին ինքնաշեն պարագաներ պատրաստել։ Այս մրցույթի միջոցով ցանկանում էինք նաև ցույց տալ, որ անգամ դպրոցական աշակերտները կարող են առանց լաբարատոր և տեխնիկական մեծ ներդրումների ինքնաշեն պարագաներ պատրաստել։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, երբ տեսնում էի, թե ինչպես են երեխաները ընթացքում փորձարկումներ կատարում և ինչպես են հաղթահարում իրենց առաջ դրված դժվարությունները»։
Մրցույթի հաղթողներից Գանձաքարի 7-րդ դասարանի աշակերտ Տարոն Խաչինյանը պատրաստ էլ հրթիռ, որը ցույց էր տալիս ռեակտիվ շարժումը։
Տարոն Խաչինյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իր պատրաստած հրթիռի փորձարկումները դեռ շարունակելու է և պատրաստվում է ավելի հեռուն թռչող հրթիռ նախագծել.
«Ինքնաշեն սարքավորումներ պատրաստելու հանդեպ սերը մեկ տարի առաջ է ի հայտ եկել և մինչ այս մրցույթին մասնակցելն արդեն ունեի ինքնաշեն փոշեկուլ պատրաստելու փորձ։ Ես պատրաստվում եմ ավելի զարգացնել ինքնաշեն պարագաներ պատրաստելու հմտություններ, իսկ դպրոցն ավարտելուց հետո պատրաստվում եմ ծրագրավորման ոլորտում շարունակել ուսումս»։
Սաթենիկ Հովսեփյան