«Եթե ես ծանոթանամ այդ փաստաթղթերին, հետո չեմ կարող բացահայտել, թե ինչին եմ ծանոթացել։ Հետեւաբար, անիմաստ է։ Մեղադրում են, թող հրապարակային ապացույց ներկայացնեն։ Բա ձայնագրություններ ունեիք, բա ո՞ւր է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով անվտանգության խորհրդի հրապարակած փաստաթղթերին, որոնցով, ըստ ԱԽ-ի, փաստվում է, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին զեկուցել է, թե հակառակորդն առաջխաղացում չունի՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել էր գնալ ԱԽ եւ ծանոթանալ գաղտնի փաստաթղթերին ամբողջությամբ։ Մարուքյանը շեշտեց՝ չի կարող դրանց ծանոթանալ եւ ժողովրդին պատմել, որովհետեւ պետական գաղտնիք կհրապարակի, բացի այդ՝ Օնիկ Գասպարյանն ասում է, որ այդ փաստաթղթերը խեղաթյուրված են եւ կեղծված։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմում դիմադրելու մի քանի օրվա ռեսուրս ունեինք, իրականությանը չի համապատասխանում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ