Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր խմբակցության ղեկավարը «սամակատո՞վ» է գնում Վանաձոր, գալիս… դու անցար կարմիր գիծը». Պապիկյանը Մարուքյանին «երեսով է տալիս», որ Փաշինյանի շվաքի ներքո է եկել ԱԺ

Ապրիլ 16,2021 18:05

Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր. «Մի հատ նայեք Սուրեն Պապիկյանին ինչ մեքենա է սպասարկում… ինչքան փեսա, աներձագ, հորքուրի տղա, մորքուրի տղա ունեք՝ բերել եք, մանդատ տվել»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց նրան: Նա նախ ներողություն խնդրեց, քննարկվող թեմայից՝ կառավարության ծրագրի 2020-ի կատարողականի զեկույցից շեղվելու համար. «Պետք է իրերը կոչեմ իրենց անունով: Անձնավորություն, որ իմ՝ երկօրյա խորհրդարանում գտնվելու ընթացքում միայն մի քանի վայրկյան եկել ու նստել է թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին ու փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան, ասում է՝ տարածքային կառավարման նախարարը, փոխվարչապետը հազիվ վերջին պահին գալիս են: Հարգելիս, եթե դու չես գտնվել խորհրդարանի դահլիճում ու չես տեսել մեզ, կամ այնքան է վեհությունդ, բարձրությունդ, որ չես ուզում նկատել մեզ, պիտի նշեմ, որ մենք մշտապես եղել ենք մեր տեղում»:

Անդրադառնալով մեքենայի հարցին՝ Պապիկյանն ասաց. «Մարուքյանն ասում է՝ նայեք ինչ մեքենա է սպասարկում Պապիկյանին: Այստեղ բանալի բառը սպասարկելն է: Այո, նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին չէ, այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ տեղում: Պարո՛ն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում՝ ձեր խմբակցության ղեկավարը «սամակատո՞վ» է գնում Վանաձոր, գալիս: Սրա մասին կարող էր խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է իրեն օրենքով սահմանված կարգով հասնող բնակարանի վարձատրությունից: Ըստ էության տեղի է ունենում մի բան, որ մարդը նախ ստում է, որ մենք այստեղ չենք գտնվել, մանիպուլացնում է, մինչեւ ե՞րբ, եղբա՛յր: Այս անգամ ձեր երրորդ ճանապարհը ձեր պարտության ալիբին է»:

Պապիկյանը հորդորեց Փաշինյանի մասին խոսելիս կոռեկտ լինել. «Բարի եղեք կոռեկտ խոսել այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո եկել բազմել եք այստեղ: Եթե չենք խոսացել, կամ չենք ասել՝ չգիտե՞նք 2018-ին ոնց եք այդ քվեները հավաքել: Ասում էիք՝ ժողովուրդ, դե մենք իրար հետ ենք, մեզ տվեք, որ շատ լինի: Չի՛ լինելու այս անգամ: Դու անցար այն «Կարմիր գիծը», որ պիտի չանցնեիր»:

Մարուքյանն ասել էր, որ 30 տարվա մեջ 3 տարին իրենք են ղեկավարել, ի՞նչ է փոխվել մարդկանց կյանքում: Պապիկյանն ասաց, որ քարոզարշավի ժամանակ որ համայնք գնա, իր կատարած աշխատանքը տեսնելու է. «Ժողովուրդը դա տեսնում է, ինձ էլ, ձեզ էլ ցույց կտա իր տեղը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930