Factor TV-ի զրուցակիցն է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-Օնիկ Գասպարյանին քաղաքական իշխանությունը մեղադրել է Սերժ Սարգսյանի հրահանգով ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Ըստ վարչապետի՝ 2020-ի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, նախագահի հետ հանդիպումից հետո հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Եթե կան ապացույցներ, եթե կա ձայնագրություն, ինչո՞ւ չի հրապարակվում։
-Նախ՝ մի բան պետք է հաշվի առնել՝ այն, ինչ մենք ենք ասում, հիմնավորված է տարբեր ձևերով։ Այստեղ մի կարևոր բան էլ կա Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ կապված․ ես մի հետաքրքիր դետալ ասեմ, որը շատ յուրահատուկ է, և կարիք կա այս առումով պատասխանելու ավելի լայն կոնտեքստում։ Օնիկ Գասպարյանը մասնակցել է Հայաստանի կարևոր գործընթացներին, ես նկատի ունեմ նոյեմբերի 10-ից հետո, բայց որևէ անգամ հանրությունը նրան չի տեսել։ Չկա մի դեպք, որ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ խոսացած լինի, հանրությունը տեսնի նրան։ Օնիկ Գասպարյանը պարզաբանումներ է տարածել, բայց երբեք նրա խոսքը չենք լսել։ Եվ երբ փորձում ենք այս փաստերը վերլուծել, շատ հակասող բաներ կան․ օրինակ ասում է՝ նշանակումից մի քանի օր հետո կայացած անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, բայց ինքը այդտեղ զեկույց չի ունեցել, ասում է, որ չորրորդ օրն ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել, իր զեկույցը հրապարակում ենք, տեսնում ենք, որ սխալ է ասել։ Ասում է, թե ինքն այն ժամանակ ասել է՝ դիվանագիտական քայլեր է պետք ձեռնարկել, իր զեկույցը ստուգում ենք՝ որևէ բառ չկա դիվանագիտության մասին, սկսում ենք մտածել՝ կարո՞ղ է ինչ-որ մեկն է այս հայտարարություններով զբաղվում, որը պատասխանատվություն չի կրում և ուղիղ չէ։ Եվ ֆեյսբուքում ֆեյք է լինում, նա անպատասխանատու է չէ՞ գործում, էս դեպքում էլ այն մարդիկ, որ կանգնած են հետևում, պատասխանատվություն չեն զգում՝ ինչ է կատարվել, որովհետև ասում եմ՝ փաստերը մենք հրապարակել ենք։ Հստակ ապացույցներ կան, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը մեծ մասով իրականության հետ որևէ աղերս չունի։ Եվ այս առումով՝ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ չի խոսում։ Եվ երբ մենք ինչ-որ բան ենք ասում, դրա հիմքում կան լայն ապացույցներ։
–Օնիկ Գասպարյանն առաջին անգամ ե՞րբ ասաց, որ պետք է պատերազմը կանգնեցնել։
Կարդացեք նաև
-Առաջին անգամ, ո՛չ միայն Օնիկ Գասպարյանը․․․ քննարկում լայնածավալ եղել է հոկտեմբերի 19-ին, որտեղ մասնակցել են նաև ընդդիմադիր խմբակցության ղեկավարները։ Այդ քննարկումն ավելի լայն կազմ է ունեցել, բացի խորհրդի անդամներից նախագահը ևս եղել է, Կաթողիկոսը ևս եղել է։
–Այսինքն՝ 20 օրից ավելի պատերազմը շարունակվում էր՝ մենք մտադիր չէի՞նք կանգնեցնել պատերազմը։
-Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի օրինակ է բերել, բոքսի օրինակ է բերել և ասել է, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով։
Ռոբերտ ԱՆԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: