Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանն՝ իր «չորսհարկանի առանձնատան» եւ 44-օրյայի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Ապրիլ 16,2021 17:46

«Ճիշտ է առաջարկում, որպեսզի բոլոր ասեկոսեները վերանան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն՝ անդրադառնալով գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

Տարակուսանքին՝ մի կողմից հայտարարվում է, որ կատարվածի մասին իրական տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ գործող իշխանության պարագայում, մյուս կողմից էլ ասում եք՝ այս խորհրդարանը քննիչ հանձնաժողով ստեղծի եւ հետաքննություն իրականացնի, Մովսես Հակոբյանը հակադարձեց, որ հանձնաժողովն, ըստ կարգի, լինելու է պարիտետային: Նկատեցինք, որ գործող իշխանության ներկայացուցիչներն, ամեն դեպքում, որոշիչ դեր են ունենալու եւ եթե կան դրվագներ, որոնք իշխանական շրջանակները չեն ցանկանա, որ բացահայտվի, դժվար թե բացահայտվեն: Մովսես Հակոբյանն ասաց. «Դժվար չէ. մի քանի հոգի, ովքեր որ իրավիճակին տիրապետում են, կգնան հանձնաժողով եւ բոլոր փաստերը կներկայացնեն»:

Ի դեպ, խորհրդարանի այսօրվա քննարկումներում անուղղակի անդրադարձ եղավ նաեւ Մովսես Հակոբյանին ու նրա ունեցվածքին: «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն ասաց. «Ինչի հետ ենք մենք գործ ունեցել: Ես վերջերս եմ իմացել ու չեմ կարողանում իմ զարմանքը թաքցնել՝ մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է եռահարկ, հուշում են՝ քառահարկ առանձնատուն, չգիտենք ինչ փողերով, չգիտենք ում ուժերով: Բայց սա ամբողջ պատմությունը չի, նա այդ առանձնատունը վաճառում է մեր բանակի վրա: Այսինքն, մեր բանակը անհատից գնում է իր առանձնատունը՝ իր կարիքների համար ու նվիրում այդ նույն գեներալին, ով կառուցել է այդ առանձնատունը: Եթե գրվի կոռուպցիայի պատմության մասին գիրք, երեւի սա կլինի առաջին էջում՝ որպես հանճարեղ օրինակ: Այսօր ասում են՝ նախկիների օրոք ունեինք սա, նա…»:

Տարբեր առիթներով հայտարարվել է, որ Արման Եղոյանի ակնարկած գեներալը Մովսես Հակոբյանն է:

Մովսես Հակոբյանն այս առնչությամբ ասաց, որ այդպիսի բան չկա, եւ այդ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. «Նայել եմ այդ տեսանյութը. պատգամավորը, որ ելույթ է ունենում, չգիտեմ ով է՝ ասում է՝ ասա, ասում է՝ չեմ ասի: Ինքը հասկանում է, որ ստում է եւ դրա պատասխանը պիտի տա: Դե, վախենում են անուն-ազգանունս տան, որովհետեւ գիտեն, որ դատի տամ, պիտի պատասխանեն: Դրանք հիվանդ մարդիկ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930