Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել, թե COVID-ի պատճառով չենք կարողացել մշակել սահմանադրությունը, առնվազն անմեղսունակություն եւ անբարոյականություն է». Նինա Կարապետյանց

Ապրիլ 16,2021 17:26

Իշխանությունների՝ «Ամեն ինչի համար մեղավոր են նախկինները» արդարացումների թեմայով առցանց քննարկմանը շարունակելով «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի դիտարկումները՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցն ասաց. «Եթե նախկինները մեղավոր են,

ա). դուք դրա մասին իմացել եք մինչեւ իշխանության գալը, որովհետեւ սկսած անհիշելի ժամանակներից՝ գլխավոր խմբագիր, ժուռնալիստ եւ պատգամավոր լինելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ քննադատել է, այսինքն, տեղյակ է եղել,

բ). անձնապես ինձ առհասարակ չի հետաքրքրում՝ ինչ պատճառաբանություն է բերվում, թե ինչու չկա դրական շարժ, չկան դրական փոփոխություններ:

Ինձ հետաքրքրում է հակառակը, որովհետեւ եթե իրենք կարող են բերել հինգ, տասը, քսան օրինակ, թե ինչու առաջընթացը հնարավոր չի եղել ապահովել, ես եւ իմ մնացած գործընկերները կարող ենք բերել հազար հարյուր օրինակ եւ պատճառ՝ ինչու դա չի եղել: Հարցը հետեւյալն է. լինելով իշխանություն՝ ի՞նչ եք արել, որպեսզի այդ խոչընդոտները վերացնեք, ի՞նչ եք արել, որպեսզի այդ առաջընթացը ապահովեք: Ես պնդում եմ՝ ոչինչ: Ոչինչ գլոբալ իմաստով: Առանձին փոքր, մանր-մունր դետալային իրավիճակային որոշումները, որ կայացվել են այս իշխանությունների կողմից, եղել են իրավիճակային: Իրենք հրշեջների նման, որտեղ հրդեհ է բռնկվել, վազել են այդ հրդեհը հանգցնելու՝ իրենց կարծիքով ճիշտ ճանապարհով: Այնինչ, մեր խնդիրների մեծ, զգալի մասը համակարգային խնդիրներ են եղել, ու մոտեցումը պետք է լիներ համակարգային:

Կներեք, հեղափոխությունից երեք տարի հետո ես պատրաստ չեմ լսելու, որ սահմանադրությունը, որը 2015 թվականից, հազար ներողություն բառիս համար, «քացու տակ են գցել», այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը, ու երեք տարի հետո Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը մեզ փորձում են համոզել, որ բարեփոխումներ չիրականացնելու պատճառը այն է, որ այս սահմանադրությունը շատ բաներ թույլ չի տալիս: Նախ, նոր իմացա՞ք, որ թույլ չի տալիս: Իսկ այս երեք տարվա կտրվածքով ի՞նչ էիք մտածում: Արդյոք ձեզ հարմա՞ր էր լինել սուպերվարչապետ, ձեզ դուր էր եկել այդ ստատուսը, Սերժ Սարգսյանի այդ կոստյումը:

Առհասարակ, վերցրեք ցանկացած ոլորտ ու կտեսնեք, կհամոզվեք՝ որեւէ ոլորտում ոնց էր գլոբալ, հիմնարար իմաստով մոտեցումը գնահատված, իրականացված: Չի եղել իրականում: Եվ այս մոտեցման արդյունքում մենք բնականաբար չունենք ու չէինք կարող ունենալ արդյունքներ: Ամեն անգամ մեղավորներ փնտրելը լավագույն գործիքն է, որը մարդկանց մոլորության մեջ է դնում: Այդ թվում այս հնարավոր ընտրությունների նախաշեմին շատ լավ հնարավորություն է տալիս ենթադրելու, որ մարդիկ այդ ահից, վախից, անհանգստությունից, որ հանկարծ այն վատ հները չվերադառնան: Իսկ այն հները ուղղակի այլեւս չպետք է վերադառնան: Եվ դրա համար էլ պիտի կարողանային ժամանակին ճիշտ կոնցեպտուալ մոտեցում ձեւավորեին եւ գործողություններ իրականացնեին: Խոսքը գնահատականի մասին է, որի արդյունքում որեւէ մեկը մերժվածներից տեսականորեն իրավունք չպետք է ունենար վերադառնալու, ինչը եւս չիրականացվեց:

Հիմա շատ հեշտ խաղի տարբերակ են գտել: Ասում են համակարգում հներ կան, որոնք դիմադրում են: Իսկ ի՞նչ եք արել, որ այդ հներն այնտեղ չլինեն: Իսկ ի՞նչ էիք անում այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում էին ձեզ բացատրել, թե ինչ գործողություններ է պետք իրականացնել այդպիսի դիմադրությունը կոտրելու համար:

Արհամարհական, ձեռք առնելու աստիճանի էր վերաբերմունքը անցումային արդարադատության մասին խոսող, քաղաքական գնահատական տվող, վեթինգ իրականացնելու պահանջ ներկայացնող մարդկանց նկատմամբ: Ուզում եմ հիշեցնել, որ մինչեւ հիմա որեւէ մեկը ներողություն չի խնդրել իրավապաշտպաններից եւ իրավաբաններից, որոնք պնդում էին, որ վեթինգ է անհրաժեշտ եւ դա մեր գործիքներից ընդամենը մեկն էր, ու արդարադատության նախարարը նրանց անվանեց իրավունքի աղանդավորներ:

Հասկանո՞ւմ եք, չկա մեծ իմաստով մոտեցում: Մի հատ էլ վատ իմաստով «հրաշք» արդարացում են գտել իրենց համար: Փորձում են բացատրել, որ 2018 թվականը ջնջում ենք, որովհետեւ մենք իշխանություն փաստացի չունեինք, այնպիսի պառլամենտում չէինք: Ունենք մի 2019 թվական, որովհետեւ 2020 թվականն էլ COVID-ով ծանրաբեռնված էր: Բացարձակ սուտ: Որովհետեւ այն մարդիկ, ովքեր աշխատում են ծրագրերով, գիտեն՝ ինչ ասել է ընտրել թիրախ, կազմել ծրագիր եւ այդ ծրագրով աշխատել, շատ լավ գիտեն, որ ամենադժվար աշխատանքը ծրագիր կազմելն է: Մինչեւ 2018 թվականը, մինչեւ իշխանության գալը մարդիկ պետք է ունենային կոնցեպտներ՝ ինչ են անելու: Մենք սկզբից դնում ենք խնդիր, գտնում, վերլուծում ենք իրավիճակը, հասկանում որտեղ կան խնդիրներ, թե դրանք լուծելու ինչ գործողություններ պետք է իրականացնել, դրա համար մարդկային, ֆինանսական, տեխնիկական եւ այլ ինչ ռեսուրսներ են մեզ անհրաժեշտ: Եվ իրականացման փուլն է ամենավերջին փուլը: Այսինքն, ասել, թե COVID-ի պատճառով չենք կարողացել նստել, մշակել սահմանադրությունը, առնվազն անմեղսունակություն եւ անբարոյականություն է: Ինչո՞ւ կարող էիք ԱԺ արտահերթ նիստեր հրավիրել, պետքական կամ անպետք որոշումներ կայացնելու համար ժամանակ ու ռեսուրսներ տրամադրեիք, բայց ժամանակ չէիք ունենում նույն ընտրական օրենսգրքի հետ կապված այդ քննարկումները իրականացնել:

Պատճառը իմ կարծիքով հետեւյալն է. ռեալ փոփոխություններ կատարելու որեւէ նպատակ չի եղել, որեւէ հիմնարար խնդիր չպետք է լուծվեր եւ իշխանությունը պետք է գեղեցիկ փաթեթավորված վերադարձվեր նրանց, ումից ստացվել էր: Ուրիշ պատասխան ուղղակի չկա: Եթե կարողանան հակառակն ապացուցել, ես պատրաստ եմ ներողություն խնդրել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930