Ուկրաինային սպառազինության, այդ թվում թուրքական անօդաչուների մատակարարումը չի նպաստում այդ երկրում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«ՆԱՏՕ-ի, այդ թվում Թուրքիայի կողմից Ուկրաինայի սպառազինության և ռազմատեխնիկայի, այդ թվում անօդաչուների մատակարարումը չի նպաստում Դոնբասում հակամարտության կարգավորմանը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Մինսկի պայմանավորվածությունները «ճանապարհային քարտեզ են» Դոնբասում խաղաղության և բնականոն կյանքի հասնելու համար, բայց դրանցում ոչինչ չկա ասված Ուկրաինային սպառազինության մատակարարումների մասին:
«Սպառազինության մատակարարումները, մեծ հաշվով, հակասում են այդ դրույթներին և այն պարտավորություններին, որոնք Կիևը ստանձնել է և չի կատարում»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Զախարովան նաև հույս է հայտնել, որ Թուրքիայում լսել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոչը՝ վերլուծել Կիևի հայտարարությունները և չկլանել Ուկրաինայի իշխանությունները միլիտարիստական տրամադրությունները:
«Մենք հույս ունենք, որ նախազգուշացումը լսել են»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պարբերաբար կարծիքներ է փոխանակում Թուրքիայի գործընկերների հետ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերով: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընդգծում է, որ անհրաժեշտ է զերծ մնալ ռազմատեխնիկական ոլորտում գործակցության քայլերից, որոնք կարող են սադրել իրավիճակը Դոնբասում:
Ավելի վաղ Լավրովը խորհուրդ էր տվել բոլոր պատասխանատու երկրներին, այդ թվում Թուրքիային, վերլուծել Կիևի ռազմատենչ հայտարարությունները: Կոչը հնչել էր այն տեղեկության ֆոնին, որ Ուկրաինան ձեռք է բերել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ