«Ալիեւի պոռոտախոսությունն ու բացառիկ ցինիզմը ես գնահատում եմ իր հոգեվիճակին համապատասխան։ Կարծում եմ՝ արդեն հոգեխանգարումներ ունի։ Առայժմ այլ պատճառ չեմ գտնում նրա բացառիկ ցինիզմի մեջ։ Հարցին հարցով պատասխանեմ՝ թող ասի, թե իր պապը կամ ապուպապը որ երկրի քաղաքացի կամ բնակիչ է եղել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությանն այն մասին, թե Սյունիքը պատմական ադրբեջանական հող է՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։
«Իր պապերը ո՞ր երկրում են ծնվել եւ մեծացել, եթե, իհարկե, իր պապերի պատմությունը եւս չի կեղծել»,-նշեց նա։
Մեկնաբանելով Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացումը, որի շրջանակում այդ թվում երեխաներ են ծանոթանում հայ զինվորների խոշտանգման եւ սպանության տեսարաններին՝ Արմեն Խաչատրյանը նշեց, որ սեփական ժողովրդին նման դաստիրակություն ներարկելն ի վերջո ուղղվելու է իր դեմ․ «Ամբոխը, որին նա գազազեցնում է, առաջինն իր հետ է հաշվեհարդար տեսնելու։ Վստահ եմ, որ Ալիեւի հետ հաշվեհարդար է տեսնելու իր իսկ ժողովուրդը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ