Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի առաջինն եմ ասել՝ խիստ կասկածում եմ, որ Օնիկ Գասպարյանը հոկտեմբերի 4-ին ասել է, թե հնարավոր չէ կռվել»․ Արմեն Խաչատրյան

Ապրիլ 16,2021 16:34

«Նման փաստաթղթերը հնարավոր չէ կամայական կազմել, որովհետեւ դրանք քաղվածքներ են նիստից, դրանց տակ ստորագրում են համապատասխան մարդիկ, դրանց տակ համապատասխան ձայնագրություններ կան։ Անհնար է փոխել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով անվտանգության խորհրդի հրապարակած փաստաթղթերին, որոնցով, ըստ ԱԽ-ի, փաստվում է, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին զեկուցել է, թե հակառակորդն առաջխաղացում չունի՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմում դիմադրելու մի քանի օրվա ռեսուրս ունեինք, իրականությանը չի համապատասխանում։

Լրագրողներն Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ չէր բարձրաձայնում, որ Օնիկ Գասպարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը։ Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «2021թ․ հունվարին, թե փետրվարին ես ասել եմ՝ խիստ կասկածում եմ, որ Գասպարյանը հոկտեմբերի չորսին ասել է, թե հնարավոր չէ կռվել։ Ես էլ էի տեղեկացված եւ վստահ էի, որ նման բան չի ասել։ Երեւի ես եմ առաջինն ասել, որ կասկածում եմ նրա ասածների վրա։ Բացի այդ, եթե հոկտեմբերի չորսին ԳՇ պետն ասում է, որ հնարավոր չէ կռվել, ուրեմն դա հետեւանք պետք է ունենա, ուրեմն պետք էր փոխել ԳՇ պետին»։

Ինչ վերաբերում է լիազորությունները դադարեցված ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությանը՝ Արմեն Խաչատրյանը նշեց․ «Հանձնաժողով անպայման ստեղծվելու է։ Բայց հանձնաժողովը ստեղծման ժամանակ ունի։ Գտնում եմ, որ մի քիչ պետք է սպասել, որովհետեւ պատերազմի ընթացքում շատ քրեական գործեր են հարուցվել։ Քրեական գործերով ձեռք են բերվում ապացույցներ։ Եթե հիմա քննիչ հանձնաժողով ստեղծենք, չենք կարող ապացույցներ հավաքել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930