Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր եւ որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչեւ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Ըստ օրենքի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ օրենքի խախտում չկա, ինչպես ասում են՝ օրենքի տառին համապատասխան է որոշումը կայացվել, սակայն երբ խնդիրն ավելի խորը դիտարկենք, ապա այստեղ ճնշման որոշակի տարրեր կան։
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Հովհաննիսյանն ասաց․ «Փաստացի, իշխանություններն այն անձին կամ այն պետական պաշտոնյաներին, որոնք ցույց են տալիս փոքր-ինչ անբարեհաճո վարքագիծ, կամ ընդդիմանում են իշխող քաղաքական թիմին, մոտավորապես նման «պատժամիջոցների» տակ են գցում։ Եվ թվում է՝ ներկա վարչախումբն իր դարակներում ունի կոմպրոմատների թղթապանակներ, որոնք ըստ հարմարավետության կամ հարմար պահի կարող են բացել»։
Իրավապաշտպանը հիշեցնում է՝ քանի դեռ Վարդազարյանը որեւէ անհարմար կեցվածք չէր դրսեւորել՝ գոյություն չուներ նրա վերաբերյալ քրեական գործի մասին որեւէ ակնարկ, եւ հանրությունը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ քրեական գործ է, ինչ հանգամանքներում է առաջացել․ «Եթե իր նկատմամբ իրավապահները հետաքրքրված էին, նա պետական պաշտոնյա է, վարձրատրվում է հանրային միջոցներով, հանրությունը պետք է տեղեկացվեր գործի մանրամասների մասին»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, պատերազմի ավարտից մի քանի օր հետո Ռուբեն Վարդազարյանը ուղերձ էր հղել դատավորներին․ «Այսօր է տրվելու ամոթալի, չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Այս հայտարարության համար ԱԺ-ում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պարոն Վարդազարյանին կոշտ հարցադրումներ ներկայացրեցին։
Զարուհի Հովհաննիսյանն էլ հիշեցնում է՝ պարոն Վարդազարյանն այդ հայտարարությունն արել էր այն ժամանակահատվածում, երբ բանակի հետ կապված հայտարարությունների համատեքստում դատական համակարգում քաղաքական գործեր կային։
«Եվ Ռուբեն Վարդազարյանի գործը եզակի չէ։ Օրինակ՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ էր հարուցվել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ