«Աշխատանքներն ընթանում են, հիմա հիմնական աշխատանքն անում են փորձագիտական ենթախմբերը։ Դետալ առ դետալ խնդիրները պետք է ուսումնասիրվեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է 2020թ․-ի նոյեմբերի իննի հայտարարությամբ ամրագրված՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ օրերս ասում էր, թե Ադրբեջանը կխոչընդոտի կոմունիկացիաների բացմանը։ «Չեմ բացառում նման ռիսկերը եւ չեմ կարող բացառել։ Նման քննարկումներ եղել են, բայց սա սկիզբն է։ Որ պահին ինչ տեղի կունենա՝ դժվար է կանխորոշել։ Այն ռիսկերը, որոնց մասին խոսում է վարչապետը, գոյություն ունեն, պետք է աշխատել ինտենսիվ։ Որքան աշխատանքը լինի ինտենսիվ, այնքան հստակ կլինեն անելիքները եւ լուծվելիք խնդիրները»,-նշեց Մհեր Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պնդումներին, թե իբրեւ իրենք վերադառնում են «Զանգեզուրի միջանցք», Մհեր Գրիգորյանը վստահեցրեց․ «Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց այդ համատեքստում։ Այո, ընդունված է միջանցք բառն օգտագործել, բայց անգամ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որեւէ հարց։ Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով եւ կոնվենցիաներով։ Որեւէ այլ ձեւաչափով քննարկում չկա այդ հարթակում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ