ԱԺ անկախ պատգամավոր, Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Պարզվում է Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է Հրվ․ Կովկասում։ Այդ մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
Եթե Հայաստանն իրապես Ռուսաստանի դաշնակիցն է, ուրեմն ստացվում է, որ Հրվ․ Կովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերը դաժան պարտություն է կրել արցախյան երկրորդ պատերազմում։
Եթե Հայաստանն իրապես Ռուսաստանի համար առանցքային դաշնակից է ու Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը չի կեղծում, ուրեմն Ռուսաստանն անկարող է գտնվել պաշտպանել Կովկասում իր առանցքային գործընկերոջը, երբ նրա վրա գրոհ սկսեցին Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ թուրք-ադրբեջանական տանդեմը։
Կարդացեք նաև
Այս հարցերը պետք է պատասխան գտնեն, որովհետև հայ հասարակությունը համոզված է, որ Ռուսաստանը պատմականորեն հայ ժողովրդի փրկիչն է Հարավային Կովկասում։
Մեր, հայաստանյան քաղաքական ուժերի գլխավոր անելիքն է, որպեսզի հայ հանրությանը հաղորդակից դարձնենք պատմականորեն ձևավորված մի պարզագույն ճշմարտության և իրողության՝ Ռուսաստանը Հրվ․ Կովկասում է ոչ թե հայ ժողովրդին փրկելու կամ լավություն անելու, այլ իր շահը պաշտպանելու համար:
Վստահ եմ՝ հիմա մոսկվաների իրենց տաք բնակարաններում հաստափոր ու հաստավիզ որոշ հայրենակիցներ մեր քաղաքացիների և իմ վերոշարադրյալ հարցադրումներն ու եզրահանգումները կպարզունակացնեն «ռուս»-«հակառուս» մանիպուլյացիայով։
Ճշմարտությունը դրանից չի չքվի, չի վերանա, որի պատճառով Հայաստանը չափազանց թանկ է վճարել պատմականորեն՝ վկան արցախյան երկրորդ պատերազմն ու աղետալի ավարտը։