«Հրապարակվել է այն բավարար չափով տեղեկատվությունը, որի շրջանակից ես հիմա չեմ կարող դուրս գալ, որովհետեւ այդ իրավունքը չունեմ։ Նիստին մասնակցել եմ, համարում եմ, որ հրապարակված մասը բավարար է, որպեսզի հարցերը պատասխաններ ունենան»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով անվտանգության խորհրդի հրապարակած փաստաթղթերին, որոնցով, ըստ ԱԽ-ի, փաստվում է, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին զեկուցել է, թե հակառակորդն առաջխաղացում չունի՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«ԱԽ նիստում ով ինչ է ասել՝ կարող եմ ասել այնքանով, որքանով նյութը հրապարակային է։ Այո, ես էլ եմ մասնակցել ԱԽ այդ նիստին, բայց ավել բան չեմ ասի, գաղտնիք է»,-նշեց փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանը չհամաձայնեց նկատառմանը, որ ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերում սեւով փակված հատվածներն ավելի շատ են հարցերի առիթ ստեղծում։ «Բացարձակ։ Ի վերջո, չեմ կարողանում ձեր հարցը հասկանալ։ Վարչապետը հայտարարեց, թե ինչ է եղել։ Չեք հավատո՞ւմ։ Ինչո՞ւ չեք հավատում։ Ներողություն, պարտավոր եք հավատալ, որովհետեւ պետական առաջին պաշտոնյան է ասում»,-համոզմունք հայտնեց Մհեր Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմում դիմադրելու մի քանի օրվա ռեսուրս ունեինք, իրականությանը չի համապատասխանում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ