Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռն իր աշխարհասփյուռ թեմերի միջոցով ամեն ջանք ի գործ կդնի՝ շարունակելու ըստ անհրաժեշտության կազմակերպել վիրավորում ստացած զինվորականների բուժումն արտերկրում

Ապրիլ 16,2021 14:23

Ապրիլի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանների վիրավորումներ ստացած հինգ զինվորականների, որոնք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ հետագա բժշկական օգնությունը և վերջույթների պրոթեզավորումը: Ծրագրի առաջին փուլում բուժում կստանան հինգ զինվորականներ։

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրեց բուժման մեկնող զինվորականներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում արվել է առավելագույնը հայրենյաց պաշտպանների կյանքը փրկելու համար։ Պարոն Չարչյանը հաստատեց նաև, որ վիրավորումներ ստացած հայորդիները կարիք ունեն լրացուցիչ բուժման, որպեսզի նրանց ապաքինումը լինի առավել արդյունավետ ու ամբողջական։ Այս առիթով պարոն Չարչյանն իր երախտագիտությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանը հայ համայնքի ջանքերով և միջեկեղեցական կառույցների օժանդակությամբ հայորդիների հետագա բուժումը Վիեննայի լավագույն բուժհիմնարկներում կազմակերպելու գործում։

Իր հայրական օրհնությունը փոխանցելով քաջարի զինվորականներին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց նրանց՝ հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության և պատերազմի օրերին դրսևորած հերոսական ոգու և դիմակայության համար։ Նորին Սրբությունը փաստեց, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ երախտապարտ է և ըստ ամենայնի արժևորում է նրանց՝ ի սեր հայրենիքի դրսևորած անձնազոհ քաջագործությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց նաև, որ Հայ Եկեղեցին անցնող տարիներին իր աջակցությունը ցուցաբերել է նախկինում վիրավորում ստացած հայրենյաց պաշտպաններին՝ ջանալով նպաստել նրանց բնականոն կյանքի վերականգնմանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը իր աշխարհասփյուռ թեմերի ու համայնքների միջոցով ամեն ջանք ի գործ պիտի դնի՝ շարունակելու ըստ անհրաժեշտության կազմակերպել տարբեր վիրավորումներ ստացած զինվորականների բուժումն արտերկրի բուժհաստատություններում։ Նորին Սրբության ցանկությունն էր, որ լրացուցիչ բուժումը օգնի հայորդիներին՝ հաղթահարելու առկա խնդիրները և ապաքինվելով վերադառնալու ազգին և հայրենիքին իրենց ծառայությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին՝ մաղթելով բարի ապաքինում և շուտափույթ վերադարձ հայրենիք:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930