Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը ստիպում է ավելի գնահատել և սիրել կյանքը». ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն իր ընտրած մասնագիտացումն ամենապահանջվածն է համարում

Ապրիլ 16,2021 14:15

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն իր ընտրած մասնագիտացումն ամենապահանջվածն ու դժվարն է համարում

Պատերազմի օրերին բժշկական մայր բուհի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Արամ Ներսիսյանը ևս վիրավոր զինծառայողների կյանքի փրկության համար պայքարող առաջամարտիկներից էր:

Արամ Ներսիսյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ 2010-2019թթ. սովորել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, 2016-2018թթ.՝ ծառայել ՀՀ զինված ուժերում որպես սանհրահանգիչ, իսկ 2019 թ. առ այսօր կլինիկական օրդինատոր է։

Պատերազմի դժվար օրերը վերհիշելով, Արամը նշում է, որ բժշկի գործը ավելի պարտավորեցնող էր այդ ընթացքում, քանի որ գործունեությունն անմիջականորեն առնչվում էր մարդկանց առողջության պահպանմանը, կյանքին:

«Ստեփանակերտից, Հադրութի շրջանից տարբեր վնասվածքներ ստացած բազմաթիվ զինծառայողներ ենք տեղափոխել Երևան»,-նշում է ապագա ռեանիմատոլոգը, որը Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում աշխատելով որպես բժշկի օգնական մասնակցել է վիրավոր զինվորների բուժօգնության տրամադրման գործընթացին:

Արամը նշում է, որ պատերազմը ստիպում է ավելի գնահատել և սիրել կյանքը, դառնալ ավելի մարդասեր, սառնասիրտ և համբերատար: Պատերազմական իրավիճակով անցած ապագա մասնագետի համար այդ փորձությունը, իհարկե, նաև գիտելիքների կատարելագործման հնարավորություն էր:

Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը, շեշտում է, որ դեռ մանկուց է ցանկացել դառնալ բժիշկ: Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չենք կարող պատկերացնել ժամանակակից բժշկությունը: Անեսթեզիոլոգիայի զարգացմամբ է առաջին հերթին պայմանավորված վիրաբուժության մեջ նորարարությունների ներդրումը:

«Բժիշկներն ինձ համար միշտ եղել են հասարակության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող մարդիկ։ Ընտրել եմ ռեանիմատոլոգի մասնագիտությունը, քանի որ այդ մասնագիտությունը համարել եմ ամենաբարդ և ամենակարևոր մասնագիտություններից մեկը, որը նաև շատ պահանջված է հատկապես մարզային առողջապահական հաստատություններում»,- նշում է նա:

Ապագա նեղ մասնագետի ազատ ժամանակը քիչ է, բայց հնարավորության դեպքում նա սիրում է ընթերցել գեղարվեստական գրականություն, ունկնդրել երաժշտություն՝ զարգացնելով ոչ միայն մասնագիտական գիտելիքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930