Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 -ի կատարման ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իշխանությունները երկրի բնակչությունը 10%-ով կրճատել են, բանակը, տնտեսությունը, դիվանագիտությունը կործանել են, եկել՝ ասում են՝ նախկիններն են մեղավոր. «Որ նրանք մեղավոր չլինեին, դուք ի՞նչ գործ ունեիք այստեղ, մեղավոր են, դրա համար եք դուք նախարար ու պատգամավոր: Սաղ գիտեն, որ նրանք մեղավոր են, բա դո՞ւք: Մեր կյանքի 10 տոկոսը դուք եք կառավարում՝ 30 տարվա մեջ 3 տարին»:
Մարուքյանը դիմեց նախկին իշխանություններին. «Եթե ուզում ենք, որ այս իշխանությունը փոխվի, պետք է կարեւոր քայլ անենք: Այս իշխանության էլեկտորատը երկու սեգմենտից է բաղկացած՝ 15 տոկոսը իշխանության ջատագովն է, մնացածը նախկին իշխանության անտի-ձայներն են, որ ընտրում են Փաշինյանին, ինչ է՝ նրանք չգան: Ես պաշտոնական առաջարկ եմ անում նախկին իշխանություններին՝ մի կողմ քաշվեք եւ մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր, քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ չքաշվեցիք՝ ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով: Եկել ասում է՝ քառահարկ տուն է կառուցել գեներալը: Ա՛յ ախպեր ջան, երեք տարի է՝ դուք եք, բռնեիք՝ դատեիք, քառահարկ տունը վերցնեիք: Դասականի ասած՝ չագուչն էլ էր ձերը, մեխն էլ: Երկրի ներում գոռգոռացող, երկրից դուրս արտաքին քաղաքականութան դաշտում կուչ եկած, սա՛ եք դուք»:
Հետո Մարուքյանը խոսեց այն մասին, որ այս իշխանությունները դավաճանել են հեղափոխական սկզբունքներին, ապրում են կառավարական ամառանոցներում. «Մի հատ նայեք Սուրեն Պապիկյանին ինչ մեքենա է սպասարկում: Եկել՝ ասում է՝ Արմեն Եղիազարյանը Էդմոն Մարուքյանի ընկերն է: Ճիշտ ես ասում, բայց մարդը ասում է ՝ձեր փեսուն, աներձագին, խնամուն, հորքուրի մարդուն, մորքուրի մարդուն գործի եք դրել: Նախկին իշխանություններին քննադատում էիք՝ փեսա, աներձագ, բան, ինչքան փեսա, աներձագ, հորքուրի տղա, մորքուրի տղա ունեք, բերել եք պատգամավորի մանդատ տվել, սաղին գործի եք դրել»:
Նա հայտարարեց, որ այս իշխանությունները կառչած են աթոռից, «իշխանության մանյակ» են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ