«Այսօր ավելի քան տեղին կլիներ, որ կառավարության ծրագրի 2020-ի հաշվետվությունը լիներ մեկ տող՝ կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք: Բայց չէ: Կառավարությունը ունեցավ բավական պնդերեսություն՝ ներկայացնելու մի ծավալուն զեկույց, թե ինչպես էին քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, սնանկության դեմ, բայց պայքարում պարտվեց ՀՀ-ն: Պարտվեց, որովհետեւ կառավարությունը առաջին տեղում բերեց PR-ը, հետո՝ բովանդակությունը»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականի 2020 -ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Ըստ նրա, այս կառավարությունը ամեն ինչ արեց, որ մարդկանց հույսը սպանի. «Ես նայում եմ վարչապետին, իշխանական պատգամավորներին, նրանց խոսքում, պահվածքում չեմ տեսնում մեղքի զգացողության մի նշույլ, մի գրամ: Այն ամբարտավանությունը, որ նրանք ունեին պատերազմից առաջ, մի պահ դադարեց պատերազմից հետո՝ կարճ ժամանակով: Պարզվեց՝ դա ոչ թե գիտակցումն է մեղքի, այլ վախն է՝ անասնական վախը՝ սեփական ժողովրդից, սեփական հանրությունից: Մարդիկ փակված էին տներում, վախենում էին նույնիսկ տներից դուրս գալ, նույնիսկ զանգերին պատասխանել: Վախն անցավ, վերադարձան իրենց բնորոշ հոխորտացող կեցվածքին, իրենց բնորոշ ամբարտավանությանը, ինչն այսօր ակնառու տեսանք այս դահլիճում»:
Գորգիսյանը հավատացած է՝ այս կառավարության հետ մեր երկիրն առաջ գնալու որեւէ հույս չունի, որովհետեւ կառավարությունը չի ուզում խնդիրները գիտակցել ու սեփական մեղքն ընդունել:
Կարդացեք նաև
Գորգիսյանին արձագանքելով՝ «Իմ քայլից» Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Կխնդրեմ, որ ձեր անասնական բնազդների իմպլեմենտացիան մեզ չվերագրեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ