Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են կանխել ծնունդների անկումը

Ապրիլ 16,2021 14:30
demogogia

Հայաստանում մոտ ապագայում սպասվում է ծնունդների անկում։ Այս մասին երեկ հայտարարել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։ Նա որոշ ցուցանիշներ է ներկայացրել եւ նշել՝ այսօր հիմնական խնդիրը ծնելիության բավարար աճն ապահովելն է, քանի որ մոտակա ժամանակահատվածվում սպասվում է ծնունդների անկում, եւ անհրաժեշտություն կա ծնելիության հաճախության բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնել, որպեսզի անկումը շատ չլինի եւ չմտնենք դեպոպուլյացիոն փուլ։

«Ծնելիության անկում է սպասվում, քանի որ 2000-ականների երկրորդ կեսի սերունդը, որը մտնելու է ամուսնության տարիք, 42%- ով քիչ է, նաեւ մայրական կազմն է քիչ լինելու»,-ասել է փորձագետը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը։ Այն սահմանում է բազմազավակ ընտանիքի կարգավիճակը՝ 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներն են։

Նախագծի հեղինակները նշել են, որ ժողովրդագրական կայունության հաստատման եւ պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլեւ ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ։ Ընդ որում, մասնագետների կարծիքով՝ բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգային միջոցառումների իրականացումը պայմանավորված է ներկա ժողովրդագրական կացությամբ, որը, նախեւառաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Այն չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն եւ հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման։

Ըստ վիճակագրական ցուցանիշների, 2012-2019 թվականներին ընտանիքներում ծնված չորրորդ երեխաների թիվն աճել եւ կազմել է 8233 երեխա, ի տարբերություն 2004-2011-ի՝ 6560-ի։ 2009 թվականին ընդհանուր երեխաների կարգաթվում չորրորդ երեխաները կազմել են ընդհանուրի 1,9%-ը, 2019թ.-ին՝ 3,5%-ը, սակայն 2019 թվականի ցուցանիշը բավականին զիջում է 1990-ին՝ 5,8%: 2009 թվականից հետո 4-րդ եւ հաջորդ երեխաների թվի աճը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2009 թվականին 3-րդ եւ հաջորդ երեխաների միանվագ դրամական նպաստը դարձավ 430 հազար, իսկ 2014 թվականից 3-րդ եւ 4-րդ երեխաների համար 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդների համար՝ 1,5 միլիոն դրամ։

Նախագծում նշված է, որ 5-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը առավել խնդրահարույց է, քանի որ շատ քիչ ընտանիքներ են գնում այդ քայլին։

2019 թվականին 5-րդ եւ հաջորդ երեխաների թիվը կազմել է ընդհանուրի 1%-ը, 1990-ին այն կազմել էր 3.2%-ը։ 2019 թ. տվյալներով 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը կազմել է ընդհանուրի 24,9%-ը, թեեւ վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունների համաձայն, վերարտադրողական տարիքում գտնվող ընտանիքների կանայք եւ տղամարդիկ հակված են երեք եւ ավելի երեխա ունենալ՝ համապատասխանաբար 42.8 եւ 38.6 տոկոս դեպքերում։

Այս նոր օրինագծի նպատակն, ըստ հեղինակների, բազմազավակ ընտանիքներին տրամադրել պետական լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, խրախուսել ընտանիքում չորրորդ եւ հաջորդ երեխայի ծնունդը, բարելավել ժողովրդագրական իրավիճակը եւ այլն։

Ընդ որում, այս օրենքով նաեւ ամրագրվում են բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսակները՝ դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի (բնակելի տան) տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական եւ մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Իհարկե, աջակցության պայմանները, չափանիշները, կարգն ու ժամկետները թողնվել կառավարությանը, այսինքն, կառավարությունն է այն սահմանելու։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի կարծիքով՝ եթե օրենսդրական այս նախաձեռնությունն ու առաջարկություններն ընդունվեն, դա լուրջ բարեփոխում կլինի, քանի որ, օրինակ՝ նախատեսվում է դրամական աջակցություն տրամադրել ըստ երեխաների քանակի եւ աճողական կարգով. «Բազմազավակ ընտանիքները հիմնականում սոցիալապես անապահով են, եթե առաջարկությունն ընդունվի, ապա այս ընտանիքները դուրս կգան անապահովության համակարգից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930