«Այս դահլիճի ընդդիմության ներկայացուցիչները երբեք այսքան սնանկ չեն եղել, ինչ հիմա»,- այսպիսի գնահատական տվեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իր ելույթում:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագրի կատարողականի 2020 -ի ընթացքի մասին զեկույցը:
Նա անդրադարձավ Տարոն Սիմոնյանի ելույթին՝ ասելով. «Մենք գնահատում ենք ձեր ինտելեկտուալ կարողությունները, բայց դա ձեզ իրավունք չի տալիս գալ այս ամբիոնից Էմանուել Կանտի կերպարով հանդես գալ ուսումնադաստիարակչական, բարոյախրատական ելույթներով: Առաջին հերթին դա պիտի օգտագործեք ձեր նեղ շրջապատում, ձեր խմբակցությունում»:
Հետո անդրադարձավ «Լուսավոր Հայաստանից» Կարեն Սիմոնյանին՝ ասելով, որ նա հաջողությամբ նմանակեց Տարոն Սիմոնյանին. «Այս մարդկանց մոտ վարչապետի ելույթից տպավորվեցին միայն ծափահարությունները: Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ ծափահարում էին, որ նախընտրական ցուցակում լավ տեղ ունենան: երեւի դուք ձեր նախընտրական ծրագիրը կազմում եք ծափահարություններով, հա՞: Պրոյեկտում եք ձեր անհաջող եւ ծիծաղելի փորձերը մեզ վրա: Դա էլ է ձեր սնանկության մասին խոսում: Իսկ ծափերը հնչեցին վաղվա ապագային ու մեր լուսաբացին: Հետո ասում են՝ դե դուք ջրի բերած, ջրի տարած եք: Փաստորեն, ՀՀ ժողովուրդը ձեր համար ջո՞ւր էր: Նոյեմբերից այս կողմ էլ խոսք չմնաց, որ ասեք ՀՀ ժողովրդին ուղղված: Դե կգնաք ժողովրդի մոտ կասեք՝ եթե ջրի բերած, ջրի տարած են, այդ ջրով մի հատ մեզ էլ բերեք: Կասեք, տեսնեմ ոնց եք ասելու: Այդպես էլ չսովորեցիք խոսել ժողովրդի հետ, չհասկացաք, որ ժողովուրդն է որոշողը: Որ գալիս եք ամբիոնից ասում եք՝ դուք ապագա չունեք, դո՞ւք եք որոշում: 3 տարի ասեցինք՝ ժողովուրդն է որոշում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ