Նիդերլանդական Trouw հեղինակավոր օրաթերթը անդրադարձ է կատարել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին նվիրված «Ռազմական ավարի պուրակ»-ի բացմանը։
«Ադրբեջանի նախագահը կրկին աղ է լցնում հայկական վերքերին» խորագիրը կրող հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ հայ զինվորներից գողացված հարյուրավոր սաղավարտներով, այսպես կոչված, «թանգարանի» բացմամբ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ զայրացրել է Հայաստանին։
Մեջբերելով «պուրակի» բացման կապակցությամբ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված տեսաուղերձից նախագահ Ալիևի խոսքերը, հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման քայլերին զուգահեռ նախագահ Ալիևը խոսում է «հակամարտության էջը փակելու» և «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեռանկարների» մասին։
Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում զայրույթը մեծ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածքների զգալի մասի կորստի ցավը դեռ թարմ է հայերի համար։ Նիդերլանդացի հոդվածագիրը, անդրադարձ կատարելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը ցույց է տալիս «անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն» լինելու իր իրական դեմքը և նման քայլերով հրապարակավ նվաստացնում է «պատերազմում զոհերին, անհայտ կորածներին և ռազմագերիներին», կարծիք է հայտնում, որ Ալիևի այս վարքագծից ելնելով Հայաստանի իշխանությունները, դժվար թե, կարողանան ընդունել խաղաղության վերաբերյալ առաջարկը։
Կարդացեք նաև
Բացի այդ, հոդվածում հանգամանալից անդրադարձ է կատարված հայ ռազմագերիների հարցին։ Մասնավորապես, նշվում է, որ անորոշ է նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ճակատագիրը, մինչդեռ զինադադարի հաստատմամբ կողմերի միջև նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցում, և որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մարտ ամսին հաղորդել է հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և ստորացուցիչ վերաբերմունքի մասին: