Կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի մասին զեկույցի քննարկումը խորհրդարանում շարունակվում է: Այսօր չորրորդ օրն է ու նիստի սկզբում քվորում չկար: Անհրաժեշտ 67 պատգամավորի փոխարեն գրանցվել էր 65 պատգամավոր:
Եվս երկու պատգամավոր ուշացած ներս մտավ, նիստը կայացավ:
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեփական վերլուծությունը ներկայացրեց 44-օրյա պատերազմի պարտության մասին ու ասաց, որ ինքը պատմությանը նայում է 120 տարվա կտրվածքով. «Վերջին 30 տարում մենք բոլորս՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մենք՝ ձեր հետ միասին, յուրաքանչյուրս մեր թերություններով հանդերձ, մեր պատմական հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք մեր պետությունը, եկեք այս կտրվածքով նայենք: Մենք այսօր ունենք պատմական մեր հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետություն եւ հոշոտված Արցախ»:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ կառավարությունը գիտության ֆինանսավորումը չի ավելացրել, չեն երեւում գիտական ոլորտը մրցունակ դարձնելու քայլեր, չեն ստեղծվել ՀՀ-ում ապրելու ու գործելու ժամանակակից պայմաններ երիտասարդ գիտնականների համար ու չի ապահովվել կրթություն, գիտություն եւ աշխատաշուկա կապը:
Անդրադառնալով պատերազմին՝ Աննա Կոստանյանը հիշեցրեց, որ իշխանությունները «ինչ ուզում ենք՝ այն էլ բանակցում ենք» բանաձեւով էին առաջ շարժվում, թուրք-ադրբեջանական հոխորտանքներին պատասխանում անատամ. «Չեք կարողանում դիվանագիտորեն համարժեք լեզվով խոսել, քաշվեք մի կողմ, թողեք խոսեն նրանք, ովքեր կարողանում են: Իսկ ո՞վ է ասել, որ պատերազմում կամ դրանից հետո պիտի անողնաշար, ծուռվիզ կեցվածքով հանդես գանք աշխարհին: Մանիպուլյացիաներով հնարավոր չէ կուրացած ու թմրեցված պահել ժողովրդին: Բավ է մեղավորներ փնտրել նախկինների, դրանց նախկինների նախկինների մեջ, քանի որ պատերազմի առնվազն մեկնարկի եւ դրա ողբերգական ավարտի թիվ մեկ պատասխանատուն դուք եք, կարող էիք կանխատեսել՝ կանխել, բայց չեք արել»:
Կոստանյանի գնահատմամբ իշխանությունների կողմից թույլ է տրվել հանցավոր թերացում ու տարել են կործանարար արկածախնդրության ճանապարհով. «Երկու բեկումնային պահ ենք ունեցել պատերազմի ընթացքում՝ Լելե Թեփեի օպերացիան եւ Շուշիի հանձնումը: Մինչ այժմ ոչ առաջինի, եւ ոչ էլ երկրորդի մանրամասները, պատճառները մեզ հայտնի չեն: Ինչպես եղավ ու ովքեր էին մեղավորները: Վարչապետն էլ ասում է՝ ես հարցեր ունեմ Շուշիի վերաբերյալ՝ կապված կոնկրետ մարդկանց հետ: Ներողություն, եթե երկրի թիվ մեկ դեմքը հարցեր ունի Շուշին հանձնելու հետ, այն էլ՝ եռակողմ հայտարարությունից հետո 5 ամիս անց, սա հերթական անգամ չի՞ ապացուցում, որ իշխանությունն իր տեղում չէ»:
Անփութությո՞ւն էր, դավաճանությո՞ւն էր, ինչո՞ւ պատասխանատուները չեն պատժվել՝ այս հարցերի պատասխանները, ըստ պատգամավորի, պետք է տրվեն մինչեւ ընտրությունները ու դա առնվազն պետք է ունենա ապացուցողական հենք, ոչ թե պոպուլիզմով հագեցած հերթական խոսքերը լինեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ