Իրավագետ Արտաշես Խալաթյանի խոսքերով՝ այո, դատական համակարգում իրականացված ռեֆորմներում որոշակի համակարգային դիսոնանս առկա է։ Եվ միայն ապօրինի գույքի բռնագանձման օրինակով տեսնում ենք, որ բարեփոխումները թույլ են։ «Ժամանակին այդ օրենքը ընդունելիս կարելի էր մեկ օրենսդրական փաթեթով այդ հարցերին կարգավորում տալ։ Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ 2020 թվականը ամբողջությամբ կորցված տարի էր՝ արտաքին գործոններով պայմանավորված, և պետք է ակնկալել, որ բարեփոխումներ ամեն դեպքում կլինեն»,- ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ վարչապետը ճիշտ է, ներկա դատական համակարգով հնարավոր չէ այդ նոր ինստիտուտը կյանի կոչել։ Պետք է նոր դատական ատյան՝ նոր նշանակված դատավորներով։
Նրա խոսքով, սակայն, նախքան դատական համակարգից դժգոհելը պետք է պարզել, թե դատախազությունում քննվող 214 գործերը ինչու դեռ քննության փուլ չեն մտել, չկա առաջընթաց։ Եվ դա բնավ պայմանավորված չէ նրանով, որ հակակոռուպցիոն դատարանը դեռ չկա։ Գործը, անկախ դրանից, առաջ չի գնում։
Իրավաբանի խոսքերով՝ միանշանակ է, որ դատաիրավական ոլորտում ռեֆորմների փաստացի ձախողումը հեղափոխական իշխանության աքիլլեսյան գարշապարն է։ Եվ դա այն հարցն է, որի չկատարումը միշտ դրվելու է իշխանության առաջ հենց այս նախընտրական ժամանակահատվածում, և որևէ արդարացում չի կարող լինել։ 2019 թվականը լիովին բավարար էր ռեֆորմները կայուն ռելսերի վրա դնելու համար, բայց ժամանակը բաց թողնվեց, վեթինգ չիրականացվեց, չարվեցին նաև վիրահատական միջամտությունները։ «Կորցվեց այն թանկագին ժամանակը, որը ընձեռված էր իշխանությանը, և 2020-ին արդեն իշխանությունը օբյեկտիվորեն ի վիճակի չեղավ սայլը տեղից շարժել։ Բայց դատաիրավական ոլորտի բարեփոխումները հասարակական պահանջ է և դա ստիպելու է իշխանություններին այդ օրակարգին հետամուտ լինել»,- եզրափակեց Խալաթյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում