Հունվարի տոնական օրերից 5-ը աշխատանքային դարձնելը ծայրահեղ մոտեցում է: Ավանդույթն այդպես կտրուկ փոխելը ճիշտ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Նշենք, որ Կառավարությունը հավանություն է տվել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը ոչ աշխատանքային օրերի ցանկից հանելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախագծին, որը դեռեւս պետք է ԱԺ-ում քննարկվի:
«10 օր հանգստանալը եւս նախընտրելի չէ եւ ճիշտը հավանաբար ոսկե միջինն է: Ենթադրենք՝ 3-4 օրը լրիվ բավարար է, որպեսզի մարդիկ կարողանան հանգստանալ, վերականգնել իրենց ուժերը, պլաններ կառուցեն»,- ասաց Մարգարյանը:
Տնտեսագետը նշեց, որ այդ հանգստյան օրերն իր հերթին ակտիվացնում է զբոսաշրջությունը, քանի որ մարդիկ հանգստի են գնում. «Այն օգուտները, որը ներկայացնում է նախագծի հեղինակ էկոնոմիկայի նախարարությունը՝ պետք է հաշվի առնի նաեւ մնացած գործոնները: Միայն օգուտը գնահատել եւ ասել, թե մեր ՀՆԱ-ն այդ մի քանի օրը կաճի ճիշտ չէ»:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց՝ փաստարկները կարող են նաեւ ծայրահեղ լինել, օրինակ՝ արեւմտյան զարգացած երկրները շատ ավելի երկար են ծննդյան եւ հետծննդյան արձակուրդներ տալիս. «Բայց դե ինչպես հայտնի ասույթն է ասում՝ ինչը կարելի է Զեւսին, չի կարելի եզին: Մեր կարգի երկրների համար պետք է օպտիմալ լուծումներով առաջ գնալ եւ փորձել համադրել՝ օգտակարն ու հաճելին»:
Մարգարյանը հիշեց, որ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ եւս այս հարցը քննարկվել է, սակայն լուծում չի ստացել. «5 օրը շատ է, պետք է 3 օրով կրճատել: Այսինքն՝ աշխատանքը սկսել հունվարի 4-ից կամ 5-ից»:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում