Օրերս, որպես իրավապաշտպան, անհրաժեշտություն տեսա տեսակցության գնալ եւ զրուցել Ռուսաստանի Դաշնությունից հետագա պատիժը կրելու համար ՀՀ տեղափոխված Արման Առաքելյանի հետ։ Պետական պատկան մարմինների կողմից համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո, նախորդ օրը հանդիպեցի Արմանի հետ, զրուցեցինք տարբեր իրավական աջակցության հարցերի շուրջ։ Արմանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է, ունի որոշ առողջական խնդիրներ, ինչի հետ կապված դիմել է ղեկավարությանը՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Նշեմ, որ Արման Առաքելյանը Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցու սպանության գործով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։ Նա սպանել է ադրբեջանցուն, երբ վերջինս ռեստորանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայ ազգային հերոսի նկարները:
Հայաստանում Արմանի հարցի հետագա իրավական եւ դատավարական ընթացքի մասին ես ներկայումս չեմ ուզում խոսել, դրա մասին ըստ անհրաժեշտության կխոսեն գործով զբաղվող փաստաբանները, ես ներկայումս կխոսեմ հարցի իրավաբարոյական ասպեկտի մասին, ինչը ի թիվս այլ խնդիրների, ըստ իս, պետք է անպայմանորեն հաշվի առնվեն ՀՀ դատաիրավական համակարգում այս հարցը քննելիս։
Իրականում այս քրեական գործի անցած եւ անցնելիք իրավական ճանապարհը ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ Եղած իրավական եւ դատական ակտերով առ այսօր լիովին բացահայտված չէ, ուստի անհրաժեշտ եմ գտնում մեկնաբանել եւ լույս սփռել այս գործի իրավաբարոյական, իրավաքաղաքական եւ հոգեբանական գործոնների վրա եւ բացահայտել այն իրավաբարոյական լույսի ներքո:
Կարդացեք նաև
Եթե այս գործում հաշվի չառնվի հանցագործության շարժառիթ հանդիսացող հայ-ադրբեջանական ռազմաքաղաքական լարվածությունը, չենք հանգի հարցի լեգիտիմ իրավական լուծման եւ կհանգենք միանգամայն սխալ եւ թերի եզրահանգման։
Հարցի ամբողջական դիտարկման համար պետք է հասկանալ մարդու հոգեբանական վիճակը, երբ նրան իր տանը կամ իր տիրապետության տակ գտնվող կամ ղեկավարվող օբյեկտում, որտեղ կան կամ կարող են լինել ուրիշ մարդիկ, առերես փորձում են նվաստացնել, կամ նվաստացնում են։ Ինչպիսին կլինի մարդը, կամ ինչ քայլերի կդիմի, կամ կարո՞ղ է դիմել նա, երբ կոպտորեն ոտնահարեն նրա ազգային արժանապատվությունը, տրորեն սրբությունները, հայհոյեն, նսեմացնեն։ Ցանկացած փորձագետ-հոգեբան կարող է փաստել, որ այս եղանակով կարելի է հասցնել անձին աֆեկտիվ վիճակի, դարձնել նրան անկանխատեսելի, անկառավարելի, դրդել ցանկացած քայլի։
Այսպիսի եզակի դեպքում «զոհը» դառնում է հանցավոր, իսկ «հանցավորը» իրական զոհն է, որին դարձրել են հանցագործ։
Հայ-ադրբեջանական շարունակվող պատերազմը, ռազմաքաղաքական եւ միջէթնիկական երկար ու ձիգ տարիների չթուլացող լարվածությունը իր կործանարար հետքն է թողնում թե երկրի ներսում, թե դրսում՝ ներառելով նոր սահմաններ եւ ստանալով նոր որակ։ Դրանում մենք միշտ պաշտպանվողն ենք, իսկ նրանք՝ հարձակվողն ու սպանողը։
Նկարագրվող դեպքը նույնպես բացառություն չէ եւ հստակորեն ենթարկվում է վերը նշված օրինաչափությանը։ Արման Առաքելյանը հանցավոր չէ, նա հանգիստ իր գործին էր, դրսից ագրեսիվ հարձակվողը փորձեց նսեմացնել, ոչնչացնել բարոյապես նրան։ Արմանն ընդամենը պաշտպանվեց… եւ դարձավ զոհ։
Եվ այսպես, առաջին հայացքից տեսանելի է միայն հարցի չոր իրավական ասպեկտը, այն, որ զոհը ադրբեջանցին է, իսկ հանցավորը՝ Արմանը։
Սակայն հակառակ կողմից եթե դիտարկենք դեպքերի հաջորդականությունն ու զարգացումները, գործողությունները զուգահեռաբար պրոյեկտենք անձի հոգեբանական դրսեւորումների վրա, պարզորոշ կտեսնենք, որ դա այդպես չէ։ Հաճախ իրավականն ու հոգեբանականը անպայմանորեն միաժամանակ եւ միախառն պետք է դիտարկել, հարցի կատարումը հանձնարարել կոմպետենտ փորձագետներին, որպեսզի ստանալ ճշգրիտ լուծում։ Եվ այսպես, միշտ չէ, որ «հանցավորը» հանցագործ է, իսկ «զոհը»՝ տուժող։ Լինում է նաեւ հակառակը։ Մնացածը լեգիտիմ դատավարության գործ է։
Իզուր չէ, որ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանը որոշում է կայացնում փաստերի եւ ներքին համոզման հիման վրա։ Գործի հոգեբանական ասպեկտին ավելի մանրամասն կանդրադառնամ ՌԴ դատական ակտերին ծանոթանալուց հետո։
Առողջություն Արմանին։
Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ
«Առավոտ» օրաթերթ
15.04.2021