Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվում Ալիեւի հետ

Ապրիլ 16,2021 12:00

Կան ադրբեջանցիներ, որոնք Ադրբեջանի նախագահին մեղադրում են «կապիտուլյացիոն» փաստաթուղթ ստորագրելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մոտ, վստահաբար, բավական լուրջ անհանգստություններ կան: Ադրբեջանցի փորձագետների շրջանում, որոնք բնակվում են երկրից դուրս, ավելի են խորանում դժգոհությունները նոյեմբերի 10-ին հրապարակված հայտարարության վերաբերյալ: Որոշները նրան մեղադրում են ոչ ավել ոչ պակաս՝ «կապիտուլյացիոն» փաստաթուղթ ստորագրելու մեջ, հիմնավորմամբ, թե «հիմա էլ ռուսներն են օկուպացրել Լեռնային Ղարաբաղը», իսկ Ալիեւը դարձել է մարիոնետ՝ միաժամանակ թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի ձեռքում:

Ու հիմա Ալիեւը նպատակ է հետապնդում ցրել այսօրինակ կարծիքները: Ադրբեջանում որոշակի խավ էլ կա, որը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական բանակի ներսում իրականացրած բռնաճնշումների, սարսափելի վայրագությունների առիթով իրենց դժգոհություններն ունեն: Այդ մասին բարձրաձայնում են արտերկրում գտնվող ադրբեջանցի փորձագետները, նախկին իրավապաշտպանները, վստահ լինելով, որ այդ փաստերի հիմքերով վաղ թե ուշ Ալիեւը պատասխան է տալու, նույնիսկ համարում են, որ իշխանություն է կորցնելու:

Անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից ու եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ալիեւի գերակտիվության մեջ իսկապես ինչ-որ արհեստական երանգներ կան: Նրա ամեն մի ելույթում հնչում են մի կողմից ադրբեջանական բանակի տարած հաղթանակի ապացույցները, մյուս կողմից՝ նա այնքան է այդ մասին խոսում, որ տպավորություն է, որ ինքն էլ չի հավատում այդ հաղթանակին, կամ պարտավորված է զգում սեփական հասարակությանն ապացուցել, որ իրեն են պարտական այդ հաղթանակի համար, այլ ոչ թե՝ ուրիշներին:

Ումի՞ց է վախենում Ալիեւը, ինչի՞ց է այդքան անհանգստացած, ովքե՞ր են նրան ուղղորդողները, ո՞ւմ է նա հաշվետու հետպատերազմյան այս փուլում… Ապրիլի 13-ին Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովում Ալիեւի ելույթի որոշ դրություններ գալիս են ապացուցելու, որ Ալիեւի նկատմամբ իսկապես ճնշումներ են գործադրվում, ընդ որում՝ նրա մտքերը միմյանց սկսել են հակասել:

Արդեն մի քանի ամիս Հայաստանի ուղղությամբ տարածքային պահանջներ ներկայացնող Ալիեւն ահա հայտարարել է, թե հնարավոր է հաշտության պայմանագիր կնքվի Հայաստանի հետ. «Մենք կարծում ենք, որ հակամարտության էջը փակված է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի հնարավորության մասին»: Միաժամանակ նա արձանագրում է, թե իրավիճակը տարածաշրջանում նախկինի պես շարունակում է մնալ փխրուն. «Իրավիճակը պատերազմից հետի նախկինի պես մնում է փխրուն: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, բայց չնայած դրան, մեր առջեւ ծառացած են հետպատերազմական զարգացումների բազմաթիվ հարցեր»: Նա նաեւ կոչ է արել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը համագործակցել տարածաշրջանում խաղաղ շինարարության ոլորտում. «Միեւնույն ժամանակ, մենք պետք է նայենք դեպի ապագան: Այստեղ մենք ակնկալում ենք ավելի շատ փոխազդեցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից… Հակամարտությունը լուծված է, եւ մենք պետք է նայենք ապագային»:

Մի կողմից Ալիեւը արձանագրում է, որ պատրաստ է ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր, սակայն անմիջապես մատնանշում է դրա անհնարինության «մեղավորին», թե՝ պատասխան քայլեր չի տեսնում հայկական կողմից ու շեշտում է, թե «մնում են բավական բաց հարցեր ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ», ընդ որում՝ արձանագրում է, որ՝ «հայկական բանակի արդիականացումը մտահոգիչ է»: Ապա, նա մեկ արձանագրում է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, սակայն ադրբեջանցի երիտասարդներին խորհուրդ է տալիս «հիշել պատմությունը» ու սկսվում է պատմության «դասընթաց» հետեւյալ շեշտադրումներով. «Զանգեզուրը հինավուրց ադրբեջանական տարածք է» եւ «Հայաստանին է հանձնվել 1920թ.»: Նրա խոսքով՝ ադրբեջանական է նաեւ Սեւանա լճի տարածքը եւ անգամ Երեւանը. «Բայց դա չի նշանակում, որ մենք որեւէ տարածքային պահանջներ ունենք: Այո՛, ես անգամ հայտարարել եմ, որ մենք կվերադառնանք այնտեղ: Այո՛, ես ասել եմ դա: Բայց ես չեմ ասել, որ կվերադառնանք տանկերով»: Ապա` բացատրում է. «Եթե մենք վերադարձնում ենք Զանգեզուրի միջանցքը, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ կվերադառնանք նաեւ Երեւան: Մենք միշտ կհիշենք մեր պատմությունը: Բայց մենք տարածքային պահանջ չունենք աշխարհի ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ»: Այսինքն, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հավակնություններ ներկայացնող Ալիեւը իբր վերախմբագրում է իր երբեմնի հայտարարությունները, ցույց տալով, թե նկատի ունի՝ հայերի հետ խաղաղ ապրելու, շփվելու մղումը, այլ ոչ թե՝ նոր պատերազմը:

Իրականում Ալիեւը նպատակ է հետապնդում շատ կարճ ժամանակահատվածում ռուս խաղաղապահների ոչ պետքականության վերաբերյալ հիմնավոր կարծիք ձեւավորել: Ահա՝ այդ ուղղությամբ նրա ակնարկը: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանին՝ Թովուզում, Ղազախում, Աղստաֆում, չկան խաղաղապահներ, եւ ոչինչ տեղի չի ունենում: Ասեմ ավելին, ադրբեջանցի սահմանապահները կանգնած են Զանգելանի հայկական գյուղերից 5 մետրի վրա: Եվ ոչինչ տեղի չի ունենում: Հայկական բանակը ոչնչացված է, այն գոյություն չունի»,-ասել է նա՝ որպես «բարի կամքի դրսեւորում» նշելով, որ Կապան-Երեւան ճանապարհը չի փակվել: «Կաֆան՝ այսպես են Ադրբեջանում անվանում հայկական այդ քաղաքը: Այնտեղ նույնիսկ ցուցանակ կա՝ «Բարի գալուստ Ադրբեջան»: Չգիտեմ՝ ինչու է դա նյարդայնացնում հայերին, մենք ընդամենը ցանկանում ենք ողջունել մեր տարածքում, դա մեր տարածքն է, նրանք նույնիսկ կրակել են այդ ուղղությամբ: Կարող էինք փակել ճանապարհը, սակայն դա չարեցինք»,- նշել է Ալիեւը:

Ալիեւն, այսինքն, ռուսական կողմին հերթական խայթոցի չափաբաժինն է ուղղում, հասկացնելով՝ «դուք մեզ պետք չեք, 5 մետրի վրա հայերն ու ադրբեջանցիները հանգիստ կանգնած են դեմ-դիմաց»: Հիշեցնենք, նախորդ օրը Ադրբեջանի նախագահը հայտնեց, որ զրուցել է ՌԴ նախագահի հետ, նրա ձեւակերպմամբ՝ Հայաստանի մոտ հայտնված «Իսկանդեր-Մ» հրթիռների թեմայով, որոնք Ադրբեջանը պատերազմի ավարտից 5 ամիս անց «հայտնաբերել է Շուշիում»: Ադրբեջանն ընդդեմ Ռուսաստանի հստակ քայլ է արել, աշխարհին հիշեցնելով, որ «Մ» հրթիռներ ունի միայն ՌԴ-ն, հետեւաբար այստեղ արդեն կարեւոր էլ չի, թե որտեղից են արձակվել դրանք, կարեւորը հիմա ռուսներին հղված հարցն է՝ «ինչո՞ւ են ընդդեմ Ադրբեջանի կիրառվել ռուսական հրթիռներ»:

Կարո՞ղ էր Ալիեւը ինքնաբուխ հրապարակային Պուտինի հետ այս տոնով «հաշիվներ մաքրելու» թեմա ստեղծել… Վստահաբար՝ ոչ: Ուրեմն, Ալիեւը ստիպված է եղել դա անել:

Անկեղծ խոստովանությունների շարքից է Ալիեւի արձանագրումն այն մասին, թե որոշ երկրներ իրեն տապալելու ծրագիր են մշակել: «Իմ դեմ հեղաշրջման փորձեր են եղել: 2003թ. «Ժողովրդական ճակատ-Մուսավաթ» խմբակցությունը՝ «Ազադլըգ» հրապարակում, ցանկանում էր ռազմական հեղաշրջում կազմակերպել, բայց դա չիրականացավ, եւ ժողովուրդը չաջակցեց դրան: 2005թ.-ին նրանք ցանկանում էին «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել Ադրբեջանում: Նրանք արդեն ունեին նարնջագույն թեւկապներ: Բերել էին նարնջագույն վրաններ: Ո՞րն էր նպատակը: Նպատակը դավաճաններին իշխանության բերելն էր, Ղարաբաղը հանձնել հայերին եւ գլխավորել Ադրբեջանը»,- ասել է Ալիեւն ավելի վաղ, ռազմական ավարի պարկի բացման ժամանակ: Նրա խոսքով՝ «որոշ արտասահմանյան մայրաքաղաքներում որոշվել էր տապալել Իլհամ Ալիեւին»: «Այն ժամանակ «նարնջագույն հեղափոխության» շրջան էր: Հեղափոխություններ տեղի էին ունենում այստեղ եւ այնտեղ: Այժմ բոլորը կարող են տեսնել, թե ինչ է տեղի ունեցել այս հեղափոխությունների հետ: Երկրները գտնվում են անմխիթար վիճակում, չեն կարողանում դուրս գալ ճգնաժամից, ճգնաժամը տեւում է 15-17 տարի: Այս երկրները դժվար թե դուրս գան ճգնաժամից»,-ասել է Ալիեւը:

Այնուհետեւ պարզվեց, որ Ալիեւը նեղացել է ԱՄՆ նոր վարչակազմից… Ադրբեջանը դեռ որեւէ ուղերձ չի ստացել ԱՄՆ նոր վարչակազմից՝ հունվարից, ապրիլի 13-ին կայացած համաժողովում ասել է Ադրբեջանի նախագահը: Նա նշել է նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ զանգել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ես չգիտեմ՝ ինչի մասին են նրանք խոսել, սակայն հավասարակշռությունը խախտվել է: Ես չեմ ասում, որ նրանցից զանգ եմ սպասում, սակայն նրանք ներկայացնում են Մինսկի խումբը: ԱՄՆ-ն պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի»: Նրա խոսքով՝ մինչ օրս ԱՄՆ վարչակազմից ստացված միակ հաղորդագրությունը եղել է Նովրուզի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքը:

Մինչեւ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան կարգավորման ողջ պատմության ընթացքում անիմաստ ու անարդյունավետ համարող Ալիեւը, որը նաեւ վերջին ամիսներին էր անընդմեջ կրկնում, թե ԼՂ խնդիրը լուծվել է եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգից դուրս է եկել, ահա նույն համաժողովում հայտարարել է, թե Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ կներկայացնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ «Ես հուսով եմ` նրանք շուտով կայցելեն մեզ որոշ առաջարկներով, եւ մենք ուշադիր կուսումնասիրենք այդ առաջարկները»,-ասել է նա` իր երբեմնի խոսքերն այս տեսանկյունից էլ խմբագրելով: Նա պարզաբանել է, թե չի պնդում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս անհրաժեշտ չէ՝ նոր պայմաններում նրանք կարող են աջակցել տարածաշրջանում խաղաղության հետագա հաստատմանը։ Նրա խոսքերով` Մինսկի խումբը կարող է հետկոնֆլիկտային իրավիճակում դերակատարություն ունենալ, բայց «ոչ թե որպես հակամարտությունը կարգավորող խումբ, այն արդեն կարգավորված է», այլ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու առումով։ Ալիեւն ասել է, թե միջազգային խաղացողները կարող են աջակցել սահմանների դեմարկացիային, ապառազմականացմանը, փոխգործակցության հաստատմանը։

Ըստ ամենայնի, Ալիեւը քաջատեղյակ էր, որ նախապատրաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն՝ չնայած այն բանին, որ նա 5 ամիս անդադար կրկնում էր, որ ԼՂ խնդիրը լուծված է, Մինսկի խումբը անպետք, անարդյունավետ ձեւաչափ էր, իսկ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի օր անց Բաքու այցելած համանախագահներին նա ոչ ավել, ոչ պակաս տեսախցիկների առջեւ մոտավորապես այս տոնով ասաց. «Ես ձեզ չեմ հրավիրել, չգիտեմ ինչո՞ւ եք եկել, բայց որ եկել եք՝ կլսեմ»:

Ինչեւէ, ապրիլի 13-ի երեկոյան հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում նրանք ողջունեցին տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը, սակայն կողմերին հիշեցրեցին, որ հարկավոր են լրացուցիչ ջանքեր՝ դեռեւս մնացած հարցերը լուծելու եւ երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար. «Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների եւ այլ ձերբակալվածների վերադարձին` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանմանը եւ պաշտպանությանը, ինչպես նաեւ հակամարտությունից տուժած համայնքների, մարդկանց միջեւ վստահության ամրապնդման այլ միջոցառումների համար անմիջական շփումների եւ համագործակցության խթանմանը»:

Միջնորդները շեշտեցին, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ եւ կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա եւ կոչ արեցին կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Միջնորդները շեշտեցին ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն եւ համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների:

Ոչ դիվանագիտական լեզվով ասած՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ադրբեջանին հիշեցրեցին, որ հակամարտության համապարփակ կարգավորում են ակնկալում՝ «հայտնի սկզբունքների հիման վրա», որոնց շարքում է՝ «ազգերի ինքնորոշումը», ինչպես նաեւ ակնկալում են վերսկսել բարձր մակարդակով բանակցություններ՝ «համանախագահների հովանու ներքո», այսինքն՝ վերջ տալ Ռուսաստան-Թուրքիա մենաշնորհային դարձած «միջնորդական» սեպարատ գործունեությանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930