Հարցազրույց գյումրեցի պատմաբան, հրապարակագիր, ազատամարտիկ Արա Նախշքարյանի հետ
Սկիզբը՝ 08.04.2021թ.
-Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերվեցին զգալի հաջողություններ, շնորհիվ նաեւ խորհրդային ժամանակաշրջանում արտերկրում ձեւավորված սփյուքահայության, ինչի մասին չեն խոսում: Դուք, որպես պատմաբան, ի՞նչ կարող եք ասել:
– Այդ հաջողությունները շատ ավելի մեծ կարող էին լինել, եթե Սփյուռքը միասնական լիներ եւ Խորհրդային Հայաստանն էլ հանդես գար որպես պահանջատեր:
Ռազմական նոր մարտավարության շնորհիվ Հայկական հարցը սկսեց լայնորեն քննարկվել մամուլում, տարբեր պետությունների խորհրդարաններում եւ կառավարություններում: Դեռ ավելին, Հայկական հարցով եւ Հայոց ցեղասպանությամբ սկսեցին զբաղվել նաեւ միջազգային կազմակերպությունները:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ 1973 թվականի սեպտեմբերի 16-ին Ժնեւում տեղի են ունենում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների հանդեպ կիրառվող խտրականության կանխման եւ պաշտպանության ենթահանձնաժողովի 28-րդ նստաշրջանը, որի ընդունած որոշման մեջ արձանագրված է հետեւյալը. «Անցնելով արդի փուլին, կարելի է հիշել բավականին առատ վկայությունների գոյությունը, որոնք ապացուցում են հայերի կոտորածը, որը նկատվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
Թուրքիան հանդես եկավ որոշման այդ կետի դեմ: Հետեւյալ տարիներին այդ հարցը մի քանի անգամ քննարկվեց: Ի վերջո, 1985 թվականի ընդունված որոշմամբ 1915-1916 թվականների հայերի ջարդը Օսմանյան Թուրքիայում որակվեց որպես ցեղասպանության օրինակ: 1975 թվականից ԱՄՆ-ի կոնգրեսը բազմիցս քննարկել է հայերի Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր, սակայն ԱՄՆ-ի վարչակարգի ճնշման տակ այդ բանաձեւերը մերժվել են Սենատի կողմից: Չնայած դրան, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 1990 թվականին ապրիլի 24-ը հռչակվել է «Հայկական Եղեռնի Զոհերի Հիշատակի օր»:
1983 թվականի օգոստոսին Կանադայում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ դիմեց ՄԱԿ-ին՝ կոչ անելով ընդունել այդ փաստը:
1984 թվականի ապրիլի 16-ին Փարիզում տեղի ունեցավ Ժողովուրդների մշտական դատական ատյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջան, որը ընդունեց հետեւյալ որոշումը.
«Ատյանը գտնում է, որ.
1. Հայ ազգաբնակչությունը կազմել է եւ կազմում է մի ժողովուրդ, որի հիմնարար իրավունքները՝ թե անհատական, թե հավաքական, պետք է հարգվեին եւ պետք է հարգվեն միջազգային իրավունքին համապատասխան:
2. Հայ ազգաբնակչության խմբերի բնաջնջումը բռնագաղթի եւ կոտորածի ճանապարհով հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն, որը չունի վաղեմության ժամկետ` ըստ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի սահմանման: Սույն հանցագործությունը դատապարտելու առումով վերը հիշատակված Կոնվենցիան նկատի ունի այդ պահին գործող օրենքը եւ հաշվի է առնում նախկինում ուժի մեջ եղող կանոնները, որոնք գոյություն ունեին ամբաստանվող հանցագործ ակտերի կատարման ժամանակ:
3. Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է այդ ցեղասպանության համար, նկատի ունենալով 1915-ից 1917 թվականների ընթացքում կատարվածը:
4. Հայերի Ցեղասպանությունը նաեւ «միջազգային հանցագործություն է», որի համար պետք է պատասխանատվություն կրի Թուրքական պետությունը, առանց պատրվակելու այն հանգամանքը, թե նախկին ու ներկա պետությունների միջեւ հաջորդականություն չկա` պատասխանատվությունից խուսափելու համար:
5. Այդ պատասխանատվությունը առաջին հերթին պահանջում է պաշտոնապես ճանաչել ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի կրած համապատասխան կորուստները:
6. Միավորված ազգերի կազմակերպությունը եւ նրա յուրաքանչյուր անդամն իրավունք ունի պահանջելու այս ճանաչումը եւ դրանում աջակցելու հայ ժողովրդին»:
1985 թվականին Արգենտինայի Ազգային Կոնգրեսը եւ Ուրուգվայի Խորհրդարանը Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանությունը դատապարտող որոշումներ ընդունեցին: Լոզանի կոնֆերանսից հետո Հայկական հարցի համար մղվող պայքարում ամենախոշոր հաջողությունը ձեռք է բերվում 1987 թվականին:
Եվրոպական Պառլամենտը 1987 թվականի հունիսի 18-ին բանաձեւ է ընդունում Հայկական հարցի քաղաքական լուծման մասին:
Վճռականորեն պահանջվում է, որ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության ազգային ինքնության, նրա լեզվի, կրոնի, մշակույթի եւ կրթության համակարգի նկատմամբ ցուցաբերվի արդար վերաբերմունք, նաեւ հաստատակամորեն հանդես է գալիս (պատմական) հուշարձանների պահպանության գործի բարելավման, այդ թվում նաեւ՝ թուրքահայերի կրոնական-ճարտարապետական ժառանգության պահպանման ու կոնսերվացման օգտին եւ ցանկություն է հայտնում, որպեսզի Եվրոպական Տնտեսական Համագործակցությունն ուսումնասիրի այդ նպատակին օժանդակող հնարավոր միջոցներ ձեռնարկելու հարցը:
Այս կապակցությամբ կոչ է արվում Թուրքիային անշեղորեն պահպանել իր երկրում ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքները, ինչպես որ այդ պարտադրում են նրան 1923 թվականի Լոզանի պայմանագրի 37-46-րդ հոդվածները, ստորագրված Եվրոպական Տնտեսական Համագործակցության անդամ պետությունների մեծամասնության կողմից:
Վավերացնում է իր պարտավորությունը իրապես նպաստելու այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բանակցությունների իրականացումը:
Ինչպես տեսնում ենք, Հայկական հարցի հետապնդման բնագավառում ձեռք բերվեցին ակնառու հաջողություններ: Անհերքելի իրողություն է այն փաստը, որ Հայկական հարցը, շնորհիվ նոր ռազմաքաղաքական մարտավարության, հանվեց մոռացության շրջանից եւ դարձավ միջազգային հարաբերությունների, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական կազմակերպությունների եւ պետությունների գործունեության օրակարգի հարց:
Եվրապառլամենտի որոշումից հետո, սփյուռքահայությունը աշխատանքներ էր տանում Հայկական հարցը ՄԱԿ-ում բարձրացնելու համար: Սակայն 1990-1991 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները` Հայաստանի Հանրապետության հռչակումը, արմատապես փոխեցին իրավիճակը:
Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.04.2021