«Այսօր արդեն հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե 1915 թվականի մասին են, այլ 2020 թվականի»,- Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում անցկացված առցանց քննարկման ընթացքում հայտարարեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններն անցել են բավականին հետաքրքիր էվոլյուցիա: Այս առիթով մանրամասնեց. «ԽՍՀՄ փլուզման ժամանակ դրանք անցյալի հետ կապված հարաբերություններ էին: Կար պատկերացում, որ եղել է ողբերգություն թուրքական պետության կողմից, սակայն ԽՍՀՄ օրոք կարծես այն առանձնապես ազդեցություն չուներ. այդպես էր ընկալվում: Թուրքիան ընկավում էր ԽՍՀՄ հարևան: Ընդհանուր խորհրդայինն այսպես ասած փակում էր հայկականը: Ուստի հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ պատմական էին: Հիմա դրանք դարձել են աշխարհաքաղաքական, և պատմական հիշողությանը գումարվել են նաև ակտուալ հարցերը»:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե այսօրվա Հայաստանն էլ, Թուրքիան էլ ուրիշ են՝ Սերգեյ Մարկեդոնովը նկատեց՝ միևնույն է, թշնամանքի առիթ կա ու հավելեց. «Հարցն այլ է, երբ դու հարյուրամյա հնության ողբերգությանն ես արձագանքում և երբ մի քանի ամսվա ողբերգությանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ