Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը համոզված է՝ եթե չլիներ Ռուսաստանը, Ադրբեջանը Ստեփանակերտում փոթորիկ կաներ, Թուրքիան էլ Գյումրիի կողմից կներխուժեր Հայաստան:
Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում անցկացված առցանց քննարկման ընթացքում հնչած դիտարկմանը՝ Ռուսաստանը վատ խաղ է սկսել Կովկասում, և մենք դա զգում ենք ու հարցին՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է կովկասյան ուղղությամբ լուրջ ազդեցություն ունենալ առանց իրական Հայաստանի, Սերգեյ Մարկեդոնովը պատասխանեց. «Չգիտեմ՝ որոնք են լավ կամ վատ խաղի՝ Ձեր չափանիշները: Ցանկացած պետություն ունի իր շահերը: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և յուրաքանչյուր պետություն ցանկանում է իր քաղաքականությունը հենց այդպես կառուցել: Եթե դա այդպես չլիներ, միգուցե մենք տեսնեինք Ստեփանակերտում փոթորիկ, բայց Ադրբեջանը դա չարեց, կամ էլ Գյումրիի կողմից թուրքական ներխուժում, որը ևս տեղի չունեցավ: Կարելի է հասկանալ, թե ինչու դա տեղի չունեցավ»:
Խոսելով ռուսական կողմի՝ Արցախի հարցով դիրքորոշման մասին, հետազոտողն ասաց. «Արցախի հարցով Ռուսաստանի դիրքորոշումը ոչ մեկի համար գաղտնիք չէ, այդտեղ անակնկալ էլ սպասել պետք չէ: Հայաստանի համար Արցախը, շրջանները անվտանգության համակարգ են, հայկական ինքնության հարց: Առաջին արցախյան պատերազմում հաղթանակից հետո հայկական ինքնությունը կառուցվում էր մեծ Հայաստանի վրա. ոչ միայն Հայաստանը, այլևս Արցախը՝ շրջաններով: Իսկ Ռուսաստանում դա այլ կերպ էին ընդունում: Հայաստանն ընկալվում էր՝ որպես առանձին մի օբյեկտ, Արցախից առանձին, իսկ Արցախը հակամարտության խնդիր, իսկ շրջանները չեն դիտվել, որ դրանք պետք է Մոսկվան պաշտպանի: Սրանից ելնելով էլ պետք է դիտարկել Ռուսաստանի դիրքորոշումը, ոչ թե այն տեսանկյունից, որը մենք կուզեինք: Ի՞նչ է՝ հինգ շրջանների հետ կապված հարցերը առաջացել են 20-րդ դարո՞ւմ, իհարկե՝ ոչ: Հիշեք Կազանի բանաձևը՝ 2011-ին, մադրիդյան թարմացված սկզբունքները՝ 2019-ին և այլն»:
Մարկ Գրիգորյանը նկատեց՝ Հայաստանի երեք նախագահներն էլ Ադրբեջանի հետ բանակցություններ են վարել, որտեղ հարցը դրվել այնպես, թե ինչի՞ դիմաց պետք է այդ հինգ շրջանները վերադարձվեն: Հարցը չի դրվել, թե այդ շրջանները վերադարձվում են, թե՝ ոչ: Իսկ հայ հասարակությունը դա չէր նկատում: Այս առիթով Սերգեյ Մարկեդոնովն արձագանքեց. «Բանակցությունների և զիջումների հարցը դարձել էր գործիք ներքին քաղաքական հարցերում: Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցներն ասում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե այդ շրջանները պետք է հանձնվեն, իսկ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մեղադրում էին նրանց: Մի խոսքով բանակցություններն օգտագործում էին մեկը մյուսին թուլացնելու համար»:
Կարդացեք նաև
Արցախի հարցով Ռուսաստանի դիրքորոշումը Սերգեյ Մարկեդոնովը կապեց նաև Թուրքիայի հետ ու մանրամասնեց. «Հասկանում եմ, որ Ադրբեջանը կապված է Թուրքիայի հետ պարտավորություններով: Եկեք չմոռանանք Ռուսաստանի ներսում մեծ թուրքալեզու զանգվածին: Դրա համար Ռուսաստանն ունի իր պարտավորությունները, խաղի կանոնները, և նաև դրանով է բացատրվում նրա դիրքորոշումը: Պետք է հաշվի առնենք, որ ո′չ 1990-ականներին, ո′չ 2020-ին Թուրքիան Հայաստանի Հանրապետության տարածքին չեն դիպչել: Տեղի չունեցավ այն, ինչ 17, 18-րդ դարերում: Իսկ առանց Ռուսաստանի միգուցե դա կարող էր կրկնվել: Հենց նույնը 2020-ի մասին է: Իհարկե,նոյեմբերի պայմանավորվածությունը բավականին ծանր է, կարծես սառը ցնցուղ լինի, բայց ավելի վատ տարբերակներ էլ կային, բայց կար նաև ավելի լավ տարբերակ, եթե Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին արված առաջարկներն ընդունվեին: Մի խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է և′ Հայաստանը, և′ Ադրբեջանը, ինչպես նաև կարևոր էր Վրաստանը, եթե, իհարկե, Վրաստանը քայլ չաներ ու իր ձեռքով իր երկիրը չդարձներ ՌԴ-ՆԱՏՕ մարտի դաշտ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ