Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ստեղծվեց ֆուտբոլային գիտակների ակումբ

Ապրիլ 15,2021 23:13

Երեւանում ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլային գիտակների ակումբը՝ անկախ մարմին, որը այսուհետ պարբերաբար կքննարկի հայրենի ֆուտբոլում բոլոր կարեւորագույն իրադարձությունները, կտա փորձագիտական գնահատականներ: Այս նորաստեղծ կառույցը, որը ստեղծվել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի (ԱԹԱ) ներքո, առաջին հանդիպումը անցկացրեց “Առագաստ“ կաֆեում “Ավերս“ ընկերության տնօրեն Կարո Շահբազյանի հովանավորությամբ եւ “Կիլիկիա“ ՓԲԸ աջակցությամբ:

Ֆուտբոլային գիտակների ակումբում ընդգրկված են, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, հայտնի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը, «Կենտրոն» ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը,  «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը, ռադիո «Վան»-ի հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովը), «Երկիր մեդիա» ՀԸ մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, «Գոլոս Արմենիի» թերթի սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, «Շանթ» ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյան եւ ԱԹԱ-ի նախագահ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային հավաքականի ավագ Տիգրան Հովհանիսյանը, որն էլ հանդիսացել է այս նախաձեռնության հեղինակը:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հայկական ֆուտբոլային ակումբները, որ ավելի հաջող հանդես գան եվրագավաթներում եւ վերջապես դուրս գան խմբային փուլ, ի՞նչն է խանգարում ավելի հաջող ելույթների համար, ո՞րն է հայկական ակումբների վատ ելույթների պատճառը եւ ո՞րն է Հայաստանի ֆուտբոլային հավաքականի հաջող ելույթների գրավականը: Սա էին առաջին քննարկման հարցերը:

Մենուա Մեհրաբյանի կարծիքով հայկական ակումբները պետք է վարեն արդար կազմակերպչական գործունեություն, չտրամադրելով կարեւոր ադմինիստրատիվ դիրքերը ակումբներում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով: Աշոտ Մարտիրոսյանը վստահ է, որ ցածր աշխատավարձերը ստիպում են տեղական ֆուտբոլիստներին խաղալ լուրջ խթանի բացակայության պայմաններում եւ հիմնականում մտածել այլ արտասահմանյան ակումբներ տեղափոխվելու մասին, ինչն էլ հանդիսանում է մեր ակումբների վատ խաղի պատճառը Եվրոգավաթներում: Սլավա Սարգսյան գտնում է, որ պետք է անհապաղ լայնացնել Հայաստանի ֆուտբոլային աշխարհագրությունը, ստեղծելով մարզերում ֆուտբոլային ակումբներ, դրանով իսկ զարկ տալով այդ սպորտաձեւի զարգացմանը շրջաններում, ինչը կխթանի նոր տաղանդավոր ֆուտբոլիստների բացահայտմանը: Գոռ Գրիգորյանի կարծիքով, Հայաստանը կարող է որպես ֆուտբոլի զարգացման մոդել վերցնել որեւէ այլ ֆուտբոլային երկրի օրինակը:

Հայաստանի հավաքականի հաջող ելույթները քննարկման բոլոր մասնակիցների կարծիքով պայմանավորված է Խոակին Կապառոսի անձով, նրա բարձր մասնագիտական հատկանիշներով: Իսկ Հենրիկ Մխիթարյանի բացակայությունը միայն ստիպեց տղաներին մեծ եռանդով խաղալ նաեւ նրա տեղը: Աշոտ Մարտիրոսյանը վստահ է, որ դրական դեր է խաղում նաեւ այն հանգամանքը, որ ՀՖՖ չի խառնվում հավաքականի կազմը որոշելու գործում, տալով Կապառոսի ազատ գործելու հնարավորություն, ինչը նախկինում ընդունված չէր: Սլավա Սարգսյանը գտնում է, որ Ռուսաստանում հայ ֆուտբոլիստներին լեգեոներներ համարելու որոշման չեղարկումը նպաստեց, որպեսզի ռուսական թիմերում խաղացող մեծ թվով հայկական արմատներով ֆուտբոլիստներ խաղան հավաքականում, ինչը զգալիորեն ուժեղացրեց մեր ընտրանին՝ Դավիդ Յուրչենկո, Էդուարդ Սպերցյան, Արշակ Կորյան, Խորեն Բայրամյան: Բայց, այնուամենայնիվ, մասնագետը գտնում է, որ մենք չպետք է շատ ոգեւորվենք այդ հաղթանակներով այլ պատրաստենք լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել ներկայիս խաղացողներին: Ավելի լավ է պատրաստվենք եւ չմոռանանք նոր խաղերի մասին:

Մասնագետները պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել ֆուտբոլային կյանքում իրադարձությունները քննարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930