Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ուզում է ասել՝ այ, հիմա կտեսնեք, որ մենք ենք հաղթողը. հենց դրա համար էլ ռազմավարի պուրակներ է հիմնում, շքերթներ անում». Սերգեյ Մարկեդոնով

Ապրիլ 15,2021 21:44

«Ղարաբաղյան հակամարտությունը խորհրդանշական է»,-Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում անցկացված առցանց քննարկմանը հայտարարեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար հետազոտող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ հետազոտողի՝ ԼՂ հակամարտությունը բավարար չափով վերաբերում է անցյալին: Երկու ազգերը փորձում են այդ հակամարտության միջոցով վերականգնել արդարությունը: Այդ հակամարտությունը ոչ միայն աշխարհաքաղական հավակնությունների, Արևմուտք-Ռուսաստան, Ռուսաստան-Թուրքիա մրցակցության խնդիր է, այլ փորձ է երկու ազգերի կողմից գտնել իրենք իրենց, իրենց արմատները:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանն ավելացնում է ճնշումը Հայաստանի և միջազգային հանրության վրա, օրինակ՝ Բաքվում հայկական ռազմավարի պուրակ է հիմնվում, Ադրբեջանի նախագահի մակարդակով հայտարարվում է, որ Հայաստանի տարբեր տարածքներ իրենցն են, Ադրբեջանին ինչո՞ւ է դա պետք, Սերգեյ Մարկեդոնովը պատասխանեց. «Պետք է հասկանանք, որ վերջին 26 տարիների ընթացքում նախկին ստատուս քվոյի գոյությամբ՝ նկատի ունեմ առաջին Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, այնպես էր ստացվել, որ Ադրբեջանն իրեն նսեմացած էր զգում, որովհետև այն տարածքները, որոնք ադրբեջանական նարատիվում ընդունվում են՝ որպես իրենց տարածքներ, ստացվեց, որ իրենցը չեն: Օրինակ՝ Շուշի քաղաքը, Շուշիի երաժշտական մշակույթը, որը մեծ տարածում ուներ: Այստեղից էլ ծագեց սուր դրված պահանջը ադրբեջանական հասարակության մեջ՝ այդ անարդարությունը վերականգնել: Այն է, եթե մենք կորցրել ենք մեր հողերը, ուրեմն պիտի ռևանշ անենք և վերականգնենք հավասարակշռությունը»:

Ըստ Սերգեյ Մարկեդոնովի՝ մի կարևոր նրբություն էլ կա, խնդրի հոգեբանական կողմը: Այս առիթով նա պարզաբանեց. «Ադրբեջանը և′ բնակչության թվով, և′ տարածքով առավելություն ունի Հայաստանի նկատմամբ: Եվ ստացվում է՝ ավելի ուժեղ հարևանը պարտվել է: Հենց այստեղից էլ ադրբեջանական նարատիվներում առաջացել են այն տեսությունները, եթե չլիներ Ռուսաստանի ձեռքը, վեկտորը կփոխվեր, մենք կհաղթեինք և այլն»:

Ստեղծված իրավիճակը Սերգեյ Մարկեդոնովը համեմատեց քաղաքական ճոճանակի հետ: Նա ասաց. «Ադրբեջանը ճոճանակը շարժել է շատ ուժեղ, հիմա խաչմերուկում է: Ուզում է ասել՝ այ, հիմա կտեսնեք, որ մենք հաղթողն ենք: Հենց դրա համար էլ ռազմավարի պուրակներ է հիմնում, շքերթներ անում՝ 1945-ի հունիսյան շքերթի տրամաբանությամբ: Կոչում են հաղթանակի շքերթ՝ ցույց տալով, որ իրենք կարող են հաղթել»:

Հետազոտողը նաև փաստեց՝ թեև ակնհայտ է, որ Ադրբեջանը հաղթել է, բայց Արցախի հարցը լուծված չէ. «Տպավորությունն այն է, որ գնում-գնում ես դեպի հորիզոն, բայց հորիզոնը հեռանում է: Այո, կա հաղթանակ, յոթ շրջանները վերադարձված են, Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է, Քելբաջարն ու Լաչինը՝ նույնպես, բայց Արցախի կարգավիճակը անցյալի պես որոշված չէ: Լսում ենք Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ այո, մենք հարցը կլուծենք, բայց թե երբ, ասում է՝ հաջորդ սերունդները: Մի քանի անգամ ապագա բառը շեշտվում է: Լավրովն էլ է ասում, որ կարգավորման հարցերը պետք է լուծվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930