Լրահոս
Օրվա լրահոսը

«Արբանյակների կիրառումների մասով ԲՏԱ նախարարությունը ֆունկցիաներ չունի, այն ամբողջապես գտնվում է ՊՆ, ԶՈՒ տիրույթում». Հակոբ Արշակյան

Ապրիլ 15,2021 21:55

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ անդրադառնալ որոշ շրջանակների կողմից հայկական արբանյակներին և տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերվող, վերջերս ակտիվորեն շրջանառվող թեմային, որը նաև քննարկման արժանացավ Ազգային ժողովում՝ ՀՀ վարչապետի հետ վերջին հարց ու պատասխանի ընթացքում։

Ստորև ներկայացված են տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ ԲՏԱ նախարարության և ԱԽ գրասենյակի կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև կատարված են որոշ դիտարկումներ արբանյակների և դրանց կիրառման մասով.

– Տիեզերական տեխնոլոգիաները՝ ներառյալ արբանյակներ, թողարկման կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը

– Հաշվի առնելով վերոգրյալը, ԱԽ գրասենյակի և ԲՏԱ նախարարության կողմից մշակվել և 2020 թ. մարտի 6-ին ԱԺ կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ միասին ամբողջապես սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը և այլն…

Օրենսդրական այդ փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվում ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին։ Տեղեկացնեմ նաև, որ որոշ արտասահմանյան ընկերությունների կողմից արդեն իսկ կա հետաքրքրություն լիցենզավորված գործունեություն ծավալել Հայաստանում, որը հետագայում նշված ուղղությամբ գիտելիքի և կիրառման համար հավելյալ հնարավորություններ կստեղծի մեր երկրում։

Օրենքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

– Արբանյակներն իրենց կիրառությունն են գտել  բազմաթիվ ոլորտներում, սկսած պաշտպանականից մինչև հեռուստատեսային, ինտերնետային, գյուղատնտեսական, տրանսպորտային, բնապահպանական։

ԲՏԱ նախարարությունը ձեռնամուխ է եղել բոլոր պետական գերատեսչություններից տվյալների հավաքագրման գործընթացին, որի արդյունքում հնարավոր է հասկանալ սեփական արբանյակ ունենալու հեռանկարը, ինչպես նաև դրա մասնրամասն տեխնիկական պարամետրերը։

Ֆունկցիաներից և պարամետրերից կախված արբանյակների գները կարող են տատանվել մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարի սահմաններում։

Նախարարության կողմից բանակցային գործընթաց է սկսվել մի քանի ընկերությունների հետ, որի արդյունքում կարող է ստեղծվել նման մասշտաբային ծրագիր։ Նմանատիպ ծրագրերն ընդհանրապես տարիներ են տևում և իրագործվում են կառավարությունների, հաճախ նաև միջկառավարական համագործակցության մակարդակով։

Նշեմ նաև, որ սեփական արբանյակ չունենալու պարագայում էլ  հնարավոր է օգտվել տարբեր տեսակի արբանյակային ծառայություններից, ինչը ընդունված պրակտիկա է աշխարհում

– Առանձին կետով ցանկանում եմ անդրադառնալ պաշտպանական նպատակներով արբանյակների գործածությանը։ Որպես սպառազինության միջոց, արբանյակների կիրառումների մասով ԲՏԱ նախարարությունը ֆունկցիաներ չունի, քանի որ այն ամբողջապես գտնվում է ՊՆ, ԶՈՒ տիրույթում և բացառապես կախված է մարտի վարման տակտիկայի, ստրատեգիայի, կառավարման հետ։ Նման գործառույթները գտնվում են պաշտպանական գերատեսչության տիրույթում, ինչպես ցանկացած այլ տեսակի սպառազինության կիրառման դեպքում։

Որպեսզի ավելի պարզ լինի հանրության համար, բերեմ օրինակ. ԲՏԱ նախարարությունը զբաղվում է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորմամբ և ընկերություններին պատվիրում է ստեղծել ՌԷՊ համակարգ կամ ԱԹՍ, սակայն դրանց ռազմական կիրառման գործառույթ նախարարությունը չունի, քանի որ դրանք պաշտպանական զինատեսակներ են, որոնց կիրառումն իրականացվում է ՊՆ ԶՈՒ կողմից, այլ բան, որ դրանց ստեղծման կարիքի և տեխբնութագրերի կազմման ընթացքում ինտենսիվ համագործակցություն է իրականացվում ՊՆ, ԿԳՄՍ Գիտության կոմիտե և այլ գերատեսչությունների հետ։

Նախկինում նշել եմ, որ ԲՏԱ նախարարությանը, ենթակա հիմնարկները և Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները պատերազմի ընթացքում աշխատել են 24/7 ռեժիմով և մշտապես կանգնած են եղել ԶՈՒ կողքին՝ օժանդակություն ցուցաբերելով բոլոր հնարավոր միջոցներով

– Վերջում անդրադառնամ 2020 թ. օգոստոսին իմ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողի հետ հարց ու պատասխանին, որը կից ներկայացված է տեսագրության տեսքով։

Լրագրողի հարցին իպատասխան խոսել եմ բացառապես տեղեկատվական հեռուստատեսային արբանյակի սեփականն ունենալու նպատակահարմարություն մասին։ Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը գտնվում է ԲՏԱ նախարարության իրավասության տակ, և իմ պատասխանը  կապ չի ունեցել արբանյակների ռազմական կամ այլ նպատակներով օգտագործման հետ։

Հասկանալի է սակայն, որ նշված ոլորտները բովանդակային  առումով խիստ մասնագիտական են, և, ենթադրաբար որոշ շրջանակների կողմից բավարար ուսումնասիրության չեն ենթարկվել մինչև հրապարակումները, այդպիսով դրանք դարձնելով քննարկման համար ոչ պիտանի, քանի որ արբանյակների մասով ֆունկցիոնալ կիրառական իմաստ չեն արտահայտում, ընդամենը մի քանի հնչեղություն ձեռք բերած տերմինների միացություն են, օրինակ. «Տիեզերք», «Տեղեկատվական արբանյակ», «ՌԷՊ» և այլն…

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց ներդրած ջանքերի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանում անհրաժեշտ ինժեներական տաղանդ ու ներուժ կա` հետագա ակտիվ զարգացման համար։

Բարձր տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման համար ամենակարևոր ուղղություններից է, ՀՀ կառավարությունը նպատակադրվել է ոլորտի համար զարգացման նոր հնարավորություններ ստեղծել և հստակ ծրագրերով է հանդես գալիս։

Ամեն ջանք գործադրելու եմ Հայաստանի առաջխաղացման և հաջողությունների համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930