ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Օրբելյանների պալատում հյուրընկալած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշեց,որ այցը վաղուց էր ծրագրված,սակայն հետաձգվել էր համավարակի եւ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների պատճառով: Վրաստանի նախագահը ցավակցություն հայտնեց պատերազմում զոհվածների ընտանիքներին եւ նախագահ Սարգսյանին:
Նաեւ նշեց, որ Վրաստանը հակամարտության ժամանակ խաղաղության կողմում էր կանգնած եւ առաջարկել էր հարթակ հանդիպումների եւ երկխոսության համար,ինչը այժմ էլ ուժի մեջ է:
«Բոլորս լավ հասկանում ենք, որ ցանկացած հակամարտություն տարածաշրջանում՝ վտանգում է ողջ տարածաշրջանը, ուստի խաղաղությունն այլընտրանք չունի Կովկասում», -ընդգծեց Սալոմե Զուրաբիշվիլին:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորեց դարերի պատմություն ունեցող հայ-վրացական հարաբերություններին ու բարեկամությանը:
Նշեց, որ վրացի եւ հայ ժողովուրդները դարերով ապրել են կողք կողքի, եւ հայերը Վրաստանի մշակութային, տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքի ակտիվ մաս են կազմել:
ՀՀ նախագահի խոսքով, այսօր եւս հայկական բիզնեսը մեծ ներդրում ունի Հայաստանում, վրացի գործարարներն էլ հաջողությամբ աշխատում են Հայաստանում:
«Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության կարեւոր նախադրյալներից է»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողություններին: Ասաց, որ վրաց գործընկերոջը ներկայացրել է Արցախի հարցի վերաբերյալ մոտեցումները, ընդգծել, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն անհնար է՝ առանց Արցախի հարցի արդար կարգավորման: Նախագահն անդրադարձավ նաեւ Ադրբեջանում պահվող գերիների խնդրին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Թբիլիսի