Հայկ Չոբանյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:
Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել բոլոր պետական կառույցների կողմից: «Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է: 2020 թվականի ընթացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ղազախստանի միջև աճել է երկու անգամ՝ չնայած համավարակին: Իհարկե, բացարձակ արժեքով սա այնքան էլ գոհացուցիչ թիվ չէ, սակայն ցույց է տալիս ոլորտի ներուժը և հստակ միտումը»,- նշել է դեսպանը:
Կարդացեք նաև
ԲՏԱ նախարարը նշել է, որ հայկական կողմը հատկապես կարևորում է «հայ-ղազախական համագործակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում և դրա հիման վրա հարաբերությունների խորացումը մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանի համար առաջնահերթ ոլորտ է»:
Ղազախական կողմին է ներկայացվել տեխնոլոգիական կրթության հայկական փորձը: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել թվայնացման օրակարգի, հատկապես էլեկտրոնային կառավարման համակարգի ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը նշված բոլոր ոլորտներում: Ամփոփելով հանդիպումը՝ Հայկ Չոբանյանը հույս է հայտնել, որ քննարկումները կշարունակվեն ավելի կոնկրետ ծրագրերի շուրջ՝ աշխատանքային խմբերի մակարդակով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն