2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Իշխանությունը տարիքով ամենամեծ Ջհանգիրյանին հենց դրա համար էլ բերել էր, որ Վարդազարյանի վրա մի հատ քրեական հետապնդում սարքի և մութ գործերով հայտնի նախկին զինվորական դատախազի հետ դատական համակարգում իր ուզածով «կար ու ձև անի»: Կարելի է ենթադրել, որ Ջանգիրյանի մասին իշխանությանը հուշել է նրա հայրենակից Արամ Սարգսյանը, նրան ներկայացնելով որպես ուժեղ ֆիգուր: Հետևենք, թե այդ «ուժեղ ֆիգուրին» կհաջողվի՞ արդյոք իշխանությանը ենթարկեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Արժե, որ ԲԴԽ անդամներն էլ իրենց հերթին թերթեն Մատաղիսի հայտնի գործը և իմանան, թե ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը: