Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ որդուն, ոչ «17+1»-ը, որն այն ժամանակ չկար, ոչ էլ ես, չէինք կարող կողմնակի հրաման տալ. Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 15,2021 18:04

«Ես ներողություն եմ խնդրում մեր հանրությունից, իմ ընկեր բոլոր արժանի գեներալներից, բայց իմ որդին միակ գեներալի որդին է, ես միակ գեներալն եմ, որի որդին այս պատերազմում վիրավորվել է: Ես՝ իմ որդով, նրա պատրաստությամբ, նրա անցած ճանապարհով, որին ես, կարելի է ասել, ընդհանուր առմամբ զինվորական ծառայության աստիճանակարգով աճելուն չեմ աջակցել, հպարտանում եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան՝ անդրադառնալով իր եւ իր որդու մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին:

Հիշեցնենք, երեկ խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով 2016 թվականի քառօրյա պատերազմում հայկական կողմի կորցրած «Լելե թեփե» բարձունքը 44-օրյա պատերազմում վերադարձնելու օպերացիային՝ ասել էր. «Ինձ զեկուցել են, որ մի քանի ժամ այդ օպերացիան հաջող իրագործվել է։ Չի իրագործվել այն պատճառով, որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել եւ նախատեսված ձեւով չի մասնակցել օպերացիային»:

Ջալալ Հարությունյանն ու Արթուր Օհանյանը

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ «Լելե թեփե» բարձունքը հետ բերելու որոշման հետ ինքը կապ չունի. առաջարկն արել է բանակի հրամանատարությունը, այն քննարկվել եւ որոշում է ընդունվել:

Չնայած նրան, որ պաշտպանության նախկին նախարարն, ընդհանուր առմամբ, դեմ է լրատվությամբ մարտական գործողություններ, բանակի քանակական կազմը կամ սպառազինության հետ կապված խնդիրները քննարկելուն, քանի որ դրանք ինչ-որ չափով նաեւ պետական գաղտնիք են պարունակում, այս դեպքում, ասում է. «Եթե ՀՀ կառավարության ղեկավարն ինչ-որ մի բան ասում է, լավ կլինի, որ համարձակություն ունենա եւ կոնկրետ անուններ տա: Եթե ինքն ասեր՝ ովքե՞ր են այդ գեներալները, ի՞նչ որոշումներ են ընդունել, այդ ժամանակ հասկանալի կլիներ»:

Սեյրան Օհանյանն ընդգծում է, որ բանակի գործողություններում, որեւիցե մի նախկին գեներալ, որն այսօր պաշտոնի չէ, չէր կարող ազդեցություն ունենալ եւ չուներ այն լծակները, որոնք անհրաժեշտ են որոշումներ ընդունելու համար: «Որոշումներն ընդունվել են ռազմական համակարգում՝ գերագույն հրամանատարի գլխավորությամբ: Բոլոր պաշտոնատար անձինք են որոշումներ ընդունել եւ իրենք էլ պատասխանատու են իրենց որոշումների համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր գնահատմամբ, հանրապետության կառավարության ղեկավարն իրավիճակին չի տիրապետում, որովհետեւ պատերազմական իրավիճակում որոշումներ ընդունվում են, այո, քննարկումների արդյունքում, բայց ոչ ոտքի վրա:

Սեյրան Օհանյանն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կասի՝ որտե՞ղ է այդ հայտնի հակահարձակման գործողության մասին որոշում ընդունվել՝ ԱԺ-ո՞ւմ, կառավարությունո՞ւմ, Անվտանգության խորհրդո՞ւմ, գերագույն հրամանատարի ռազմակայանո՞ւմ, թե՞ ՊԲ շտաբում՝ շտաբի բոլոր զորատեսակների եւ ծառայությունների մասնակցությամբ: Ինքը՝ Սեյրան Օհանյանը, համոզված է, որ որոշումն ընդունվել է «մի քանի հոգու հետ՝ իրադրության ոչ լիարժեք գնահատմամբ», գործողությունն էլ իրականացվել է ոչ ամբողջական ու համակողմանի ապահովմամբ, ավելին, ոչ համապատասխան կառավարմամբ եւ համագործակցությամբ, այդ պատճառով էլ այն հաջողություն չի ունեցել:

Ինչ վերաբերվում է իր եւ իր որդու հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոնկրետ մեղադրանքին, թե ընդդիմադիր գեներալի որդին իր անելիքը չի արել եւ կասկածին՝ գուցե «17+1»-ի՞ց են նրան զանգահարել եւ ասել, որ կեսից ետ կանգնի, գեներալ Սեյրան Օհանյանն ասաց. «Իմ կյանքում ես երբեւիցե ժողովրդին դեմ չեմ եղել, ծառայել եմ պետությանը՝ Հայաստանին, Արցախին, բանակին, ժողովրդին: Ինքն է, որ իր ամբողջ կյանքում ընդդիմություն է եղել եւ այսօր էլ ինքն ընդդիմություն է՝ եւ պետությանը, եւ մեր ինքնիշխանությանը, եւ բանակին, եւ լիարժեք պետական կառավարմանը: Ինքը նաեւ չի տիրապետում իրավիճակին, որովհետեւ մենք մի քանի տանկային ստորաբաժանում չենք ունեցել. այն կառույցը, որի հրամանատարը եղել է իմ որդին, դա մոտոհրաձգային միավորում է: Այդ երկու միավորումները՝ տանկային եւ մոտոհրաձգային, իրենց խնդիրն ինչ-որ չափով կատարել են, բայց վերջնագծին չեն հասել՝ մի քանի պատճառներով. որովհետեւ, ասենք, տանկային միավորման տանկերը գրեթե ամբողջությամբ խոցվել են, իմ որդին՝ արդեն մարտավարության խորքում մխրճված՝ վիրավորվել է եւ իր փոխարեն ղեկավարել է իր տեղակալը, բայց մի քանի ստորաբաժանումներով իրենք հասել են այն կետին, որտեղ-որ իրենք խնդիր պետք է կատարեին: Բայց, ամենակարեւորը, որ տեղի միավորումները եւ ովքեր որ պետք է ապահովեին աջ եւ ձախ թեւերը եւ խնդրի կատարումից հետո պետք է հասնեին պաշտպանության, չեն իրականացրել, քանի որ դա ամբողջությամբ կազմակերպված չի եղել: Իմ որդուն, ոչ «17+1»-ը, որն այն ժամանակ չկար, նոյեմբերի 9-ից հետո է այն առաջացել, ոչ էլ ես, որ գործող ղեկավար չեմ եղել, չէինք կարող կողմնակի հրաման տալ: Պարզապես ինքը մասնակցել է եւ վիրավորվելուց հետո չէր կարող շարունակել: Բանակի հրամանատարին զեկուցել է, բանակի հրամանատարը փոխել է իրեն, նոր դրանից հետո, ինքը գնացել է ապաքինման»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930