Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձությունները հանրային լայն քննարկումների թեմա են դարձել: Դրանց այսօր անդրադարձել է նաեւ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Որպես օրենսդրական մշակույթին տեղյակ մարդ, կարող եմ ասել, որ երեկ կանոնակարգի խախտումով տեղի ունեցավ պառլամենտական խուլիգանություն վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու կողմից: Եթե հիշում եք, օրակարգում շատ հստակ ձեւակերպված էր հարցը. «2020 թվականի կառավարության հաշվետվություն»: Կանոնակարգում կան մի քանի հոդվածներ, որտեղ ֆիքսված է, թե ինչ պետք է անի կառավարության ղեկավարը հաշվետվություն ներկայացնելուց: Բայց նա ընդամենը խոսեց 44 օրվա մասին, որն, ըստ էության, տնտեսությանը եւ այլնին չէր վերաբերվում: Այսինքն, խոսեց սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ի մասին: Նույն կանոնակարգով նիստը վարողին իրավունք է վերապահված, որ եթե զեկուցողը շեղվում է թեմայից, նա կարող է դա արգելել: Դա նրա իրավունքների, լիազորությունների շրջանակում է:
Ինքը չէր կարող զեկուցել, որովհետեւ չի տիրապետում ոլորտներին: Ու շատ բնական էր: Ի՞նչ պետք է ասեր կործանված ոլորտների մասին, դրան գումարած՝ շատ բեւեռացված հասարակություն: Ինքը չէր կարող ասել ոչինչ, հետեւաբար, պետք է շեղեր: Պետք է խոսեր պատերազմի մասին եւ շատ հասցեական խոսեց՝ նշանակելով մեղավորներ: Լելե Թեփեի մասին խոսելիս ասաց` մի գեներալը սա է տվել, մյուսը սա է արել եւ այլն: Այսինքն, հասկացրեց. «Գեներալներ, տեսեք: Հիմա Օնիկ Գասպարյանի եւ Մովսես Հակոբյանի անունն եմ տալիս, բայց տեսեք՝ ցուցակս ինչքան բաց է: Եթե հանկարծ ծպտուն հանեք, որեւէ մեկդ իրական ինֆորմացիա փոխանցեք, պատերազմի մասին, իմացեք, որ էդ անուններն արդեն կգրվեն»: Անկեղծ ասեմ. ես գեներալներից չէի սպասում այդպիսի պահվածք:
Սակայն երեւի նիստը վարողը ճանաչելով իր ղեկավարին՝ հասկացավ, որ եթե ընդհատի, կարժանանա այն բախտին, ինչին արժանացավ այն պատգամավորը, որին շատ կոպիտ հիշեցրեց, թե ինչպե՞ս է հայտնվել այստեղ, հետեւաբար ո՞նց է իրավունք վերապահում իրեն հարց տալ: Այսինքն` ասաց՝ դու ուսապարկ ես, գցել եմ ուսիս՝ բերել եմ: Իսկ նիստը վարողին երեւի կասեր՝ ակվարիումի պորտապար պարող էիր, քեզ բերել եմ այստեղ, փոխնախագահ եմ նշանակել, որ դու ինձ ինչ-որ դիտողություննե՞ր անես:
Ես զարմանում եմ խորհրդարանական ընդդիմության վրա: Նա վիրավորում էր նաեւ ընդդիմությանը, իսկ ընդդիմությունը դեռ հարցեր էր տալիս, «պարոն վարչապետ»-ով էր դիմում: Էսպիսի մի բան կա. որպեսզի քաղաքական դաշտը բալանսավորված լինի, պետք է շատ ադեկվատ լինի: Իշխանությունը շատ ծայրահեղ պահվածք ունի: Նույն պահվածքը պետք է ունենա ընդդիմությունը: Գուցե, ուրիշ ձեւով, բայց սեպը՝ սեպով հանելու սկզբունքը պետք է պահպանվի:
Կարդացեք նաև
Երեկ այդ մարդը ոտքերը մաքրեց եւ խորհրդարանի վրա, եւ ընդդիմության վրա: Առավել եւս՝ ուսապարկերի վրա»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ